Պատային իրավիճակ. յուրային չեն համարում և ցանկություն էլ չունեն դատական իշխանությունում ուժեղանա նրա ազդեցությունը.«Փաստ»
«Ինչպես երևում է, ՍԴ դատավորի համար նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած հերթական թեկնածուն՝ իրավագետ Արթուր Վաղարշյանը, խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստի ժամանակ մերժվելու է իշխանական ուժի կողմից: Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունն այս հարցի շուրջ դեռ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, սակայն մեծամասնության քաղաքական վարքագիծը բացահայտում է առաջիկա քվեարկության ճշգրիտ պատկերը:
Բանն այն է, որ օրերս նախատեսված էր նախագահի առաջադրած թեկնածուի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության հետ, որին 88 պատգամավորից մասնակցել են ընդամենը 13-ը, ընդ որում՝ բացակայել են անգամ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Կարծում եմ՝ այս փաստն այնքան խոսուն է, որ այլևս կասկած չի հարուցում, թե ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թիմը: Ինչով է պայմանավորված խորհրդարանի, ավելի ստույգ՝ հեղափոխության թիմի նման վարքագիծը:
Հրապարակի վրա եղած առաջին վարկածն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունում ՍԴ դատավորի կարգավիճակում տեսնում են բացառապես Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին: Այս վարկածը, իհարկե, գոյություն ունի. Գրիգորյանը նախագահի աշխատակազմ ներկայացրել էր իր փաստաթղթերը, ու փաստորեն Արմեն Սարգսյանը նրան չի առաջադրել ՍԴ անդամի թեկնածու:
Այլ խոսքով՝ իրավիճակը դառնում է փակուղային, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է ընտրել մեկին, որին առաջադրելու ցանկություն չունի նախագահը:
Կարծում եմ՝ իրավիճակի «պատային» լինելը պատկերացնում են նաև նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, հետևաբար՝ նրանք լուծումներ կարող էին գտնել, եթե չլինեին հակադրության ավելի խորքային պատճառներ: Օրինակ՝ չի բացառվում, որ դատական համակարգի շուրջ ծագած վերջին իրադարձություններից հետո խորհրդարանը, ավելի ստույգ՝ Փաշինյանի թիմը ցանկություն ունի ՍԴ-ն «վերցնել» փաթեթով, ըստ այդմ՝ արդեն իսկ չի կարևորվում մեկ դատավորի ընտրության հարցը, ինչով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ «քայլողները» չեն էլ ցանկացել ծանոթանալ նախագահի առաջադրած թեկնածուին ու նրա ծրագրերին: Հնարավոր է նաև հաջորդ տարբերակը՝ չստացվեց ՍԴ անդամ նշանակել, կստացվի ՍԴ նախագահ (կամ՝ ԲԴԽ նախագահ) կարգել:
Եվ վերջապես՝ շարունակում եմ պնդել, որ հակադրության կողմեր են ոչ այնքան նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը, որքան նախագահն ու վարչապետը:
Կարճ ասած՝ հեղափոխության թիմը Արմեն Սարգսյանին յուրային չի համարում ու բնավ ցանկություն չունի նպաստելու, որ դատական իշխանությունում ուժեղանա նրա ազդեցությունը՝ թեկուզև անուղղակի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: