17:45 - Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար         16:45 - Տեսանյութ. Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են      16:18 - 10 հազար տոննա ոսկու հանքանյութ են արդյունահանել հատուկ պահպանվող տարածքում. հարուցվել է քրգործ    

12 հուն 2019 18:25

Հայաստանում գրանցվել է հրդեհի դեպքերի կտրուկ աճ, պատճառը մարդկային գործոնն է. Տեսանյութ

«Հայացք» մամուլի ակումբում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը խոսեց  բուսածածկ տարածքներում հրդեհների, ջրային ավազանների պատահարների, օձերի բնակելի տարածքներ ներխուժման դեպքերի, թունավորումների, ճանապարհատրանսպորտային պատահարների մասին. ներկայացրեց ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ ոլորտային վիճակագրություն:
 
Անդրադառնալով բուսածածկ տարածքներում հրդեհներին՝ բանախոսը նշեց, որ հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել է 531 հրդեհի դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 449-ով կամ 6,5 անգամ, որի պատճառով նախարարի հրամանով ԱԻՆ փրկարար ուժերն անցել են խստացված ռեժիմով ծառայության:
 
Հովհաննես Խանգելդյանը նշում է, որ հրդեհների գերակշիռ մասի պատճառը մարդկային գործոնն է. «Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում, հասկանալի է, որ պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը։
Նա կոչ արեց քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում, չնպաստել արհեստական, անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը. «Մեր քաղաքացիներն ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի ու պատահարների դեպքում, այլ նաև ցանկացած կենցաղային հարցի շուրջ։ Մեր ծառայությունում հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 8783 դեպք, որից 3852-ը՝ արտակարգ, իսկ 2869-ը՝ կենցաղային բնույթի: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ցանկացած ավելորդ կրակի գոյացում, ծխախոտի, տարայի նետում կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Հ. Խանգելդյանը։
 
Անդրադառնալով օձերի հայտնաբերման և խայթման դեպքերին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է:
 
Ըստ Հ. Խանգելդյանի՝ օձերը խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում բնակվում է օձերի 21 տեսակ, որից միայն 4-ն է թունավոր (իժի 3 տեսակ և գյուրզայի 1 տեսակ):
Հարցին, թե ի՞նչ անել, եթե օձն, այնուամենայնիվ, խայթել է, բանախոսը նշեց, որ անհրաժեշտ է սահմանափակել շարժունությունը, կապել արյան հոսքի սահմանափակման համար և բուժօգնության դիմել, քանի որ թունավոր օձի խայթոցի դեպքում հակաթույն է անհրաժեշտ:
 
Մասնագետը տեղեկացրեց, որ առավել վտանգավոր է ապրիլից հունիս ժամանակահատվածը, այսինքն՝ օձերի զուգավորման և բազմացման ժամանակը. «Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, գյուղատնտեսական ցանքատարածքներում և հանդերում: Իսկ եթե օձը տուն է մտել, ապա կտրականապես արգելվում է նրա նահանջի ճանապարհները փակել և նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել այդ տարածքից և 911 հեռախոսահամարով անմիջապես փրկարարների կանչել»:
 
Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ հինգ ամսվա ընթացքում գրանցվել է ջրախեղդման 5 դեպք:
 
Նա քաղաքացիներին խորհուրդ տվեց ցուցաբերել առավել զգոնություն և զգուշավորություն:
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր