Դաժանաբար սպանված 25-ամյա կինը մանկահասակ երեխա ուներ. մանրամասներ

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդ աղջիկը մեջքի շրջանում դանակի 10-ից ավելի հարված է ստացել։
Ըստ տեղեկությունների՝ սպանվածը Նոր Նորքի բնակիչ է, խնամքին ուներ մանկահասակ երեխա։
Ըստ լուրերի՝ Էլեն Սիմոնյանի վերաբերյալ ներկայումս քրեական գտործ է քննվում դատարանում։
Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու և բնակարանային գողություն կատարելու համար։
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ Էլեն Սիմոնյանը նախնական համաձայնության գալով Անանիա Կամանյանի հետ, խմբի կազմում, խարդախությամբ Գոռ Հայտոյանից հափշտակել են զգալի չափի ընդհանուր` 180.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և «Լենովո» մոդելի բջջային հեռախոս, որից հետո Էլեն Սիմոնյանը նախնական համաձայնության գալով Անանիա Կամանյանի հետ, խմբի կազմում կատարել է ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր:
Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով։