18:41 - Աշուղ Ջիվանու և Վահան Տերյանի ծննդավայրերում կրկին տոն էր. Տեսանյութ         17:59 - Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել      17:07 - Նազիկ Ամիրյանը հերքում է, որ ամուսինն է տարիներ առաջ շղթայած անձին կտտանքների ենթարկել    

01 հուլ 2019 16:50

Արդարադատության համակարգի դեմ Փաշինյանի որոշ քայլեր կասկած են սերմանում իր նպատակների անկեղծության վերաբերյալ

Eurasianet-ը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում արդարադատության համակարգում հեղափոխական փոփոխությունների ու վեթինգի վերաբերյալ։ Հոդվածագիրը հարցազրույցներ է անցկացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի, ինչպես նաև Բաց հասարակութան հիմնադրամ-Հայաստան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հետ` զուգահեռաբար ընդգծելով կայքի ֆինանսական կախվածությունը Սորոսի հիմնադրամների ցանցից։

Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

Անցումային արդարադատության ջատագովների համար այս գաղափարը հնարավորություն է ընձեռում ամեն ինչ սկսել նոր էջից ու կառուցել լեգիտիմ ու ավելի լավ կառավարման համակարգ։ Այն նաև կարող է ճանապարհ առաջարկել երկրի ինստիտուտները բարեփոխելու համար։

Այս կռիվը առաջացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու դատական համակարգի միջև վերջին առճակատումների արդյունքում, երբ վարչապետը հարձակվում էր բարձրաստիճան դատավորների վրա` նրանց անվանելով նախորդ կառավարության մնացուկներ։

Ըստ Eurasianet-ի, դեռևս հարցեր են մնում, թե ինչպես է անցումային արդարադատության գաղափարը կիրառվելու Հայաստանում։

Դրա կողմնակիցները պնդում են, որ ներկայումս առաջարկվում է շատ ավելի քիչ ու շատ ավելի ուշ, քան պետք է արվեր։ Այս գաղափարը լի է հնարավոր սայթաքումներով։ Ըստ Նյու Յորքում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կայքի, այս գաղափարը հիմնականում կիրառելի է հետպատերազմական իրավիճակների կամ լայնածավալ բռնաճնշումներից հետո այնպիսի իրավիճակում, երբ մարդու իրավունքների համատարած խախտումների վերականգման համար սովորական արդարադատության համակարգը անզոր է գտնվում։

Ռուբեն Կարանզան, ով նյույորքյան կազմակերպության փորձագետն է, սկսել է աշխատել Հայաստանի նոր իշխանությունների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո։

Ըստ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի, ում Eurasianet-ը ներկայացնում է իբրեւ անցումային արդարադատության քաղաքականության առաջատար ջատագովներից մեկը իշխող ուժում, օրենսդիրները ներկայումս աշխատում են կոնկրետ օրենսդրական փաթեթի վրա, որպեսզի հստակեցնեն իշխանության պատկերացումները։

Eurasianet-ը գրում է, որ «անցումային արդարադատության համար մի հնարավոր ոլորտ կարող է լինել 1990-ականների թեժ վիճարկվող ընտրությունները»։ Մյուս կողմից պատգամավոր Մարիա Կարապետյանն ասում է, որ «մենք չենք կարող բացել բոլոր քվեատուփերը 1991-ից ի վեր՝ իմանալու համար, թե որոնք են կեղծվել»։ Ըստ Կարապետյանի, խոսք կարող է գնալ ինչ որ առումով հիշողության հանձնաժողովներ ստեղծելու մասին։

Այլ ոլորտ կարող է լինել զինված ուժերում ոչ մարտական զոհերի խնդիրը։ Ըստ Eurasianet-ի, 2010-2016 թթ. եղել է այդպիսի 259 զոհ։ Կամ էլ կառավարության կողմից քաղաքացիների ունեցվածքի անօրինական զավթումների վերականգնումը։

Պատգամավոր Մարիա Կարապետյանը, սակայն, կարծում է, որ չնայած նախկինում որոշ քննարկումների տրամաբանությանը, անցումային արդարադատությունը հաստատապես չի վերաբերելու անվտանգության մարմինների լյուստրացիային։

Ակնկալվում է, որ պառլամենտն է լինելու անցումային արդարադատությունը առաջ մղող ուժը, ոչ թե կառավարությունը, որպեսզի հաջողությամբ պսակվի Փաշինյանի «տնտեսական հեղափոխության» օրակարգը ու ստեղծվի ներդրումների համար բարենպաստ միջավայր` ըստ Մարիա Կարապետյանի։

«Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ է կայունություն… Անցումային արդարադատությունը որոշակիորեն ցնցելու է համակարգը ու ստեղծելու է որոշ անկայունություն… Բայց մենք չենք ցանկանում վախեցնել ներդրողներին», - ասել է Կարապետյանը։

Ըստ Eurasianet-ի, վարչապետ Փաշինյանը որևէ կերպ չի մասնակցելու անցումային արդարադատության իրականացման գործընթացին։

Արդարադատության համակարգի դեմ Փաշինյանի որոշ քայլեր կասկած են սերմանում իր նպատակների անկեղծության վերաբերյալ։ Քոչարյանի` կալանավորումից ազատ արձակվելուց հետո դատարանների մուտքերը արգելափակելու կոչը շատերի կողմից քննադատվել էր իբրեւ արդարադատության համակարգում քաղաքական միջամտություն։ Իսկ Սահմանադրական դատարանի նոր դատավորը գործող իշխանությունների երկարամյա դաշնակիցն է, ով ընտրությունից հետո ոչ սովորական իշխանազավթման փորձ կատարեց դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար։ 

Վեթինգի ու անցումային արդարադատության կողմնակիցներից որոշները կարծում են, որ գործընթացը շատ առաջ չի անցել։

«Կամ իրենք չեն հասկանում, որ հեղափոխական են, կամ էլ հավանաբար մտածում են, որ թավշյա հեղափոխականներ են», - ասում է Արթուր Սաքունցը։

«Մենք պետք է վեթինգ իրականացնենք բոլոր պետական մարմիններում` ոստիկանությունից մինչև զինվորականություն, ազգային անվտանգություն, դպրոցներ ու համալսարաններ», - պնդում է Սաքունցը։

Բաց հասարակություն հիմնադրամ-Հայաստանի ղեկավար Լարիսա Մինասյանը ասել է Eurasianet-ին, որ մինչ այժմ տեղի ունեցած լսումները լավ ընթացք են ունեցել, բայց դա պետք է ընդլայնել։ Իբրև «Սորոսի հիմնադրամ» հայտնի Բաց հասարակություն հիմնադրամը գործընթացի ամենասկզբից եղել է դրա կարևոր աջակիցներից մեկը և Հայաստան է բերել անցումային արդարադատության ոլորտում մասնագետների։

Լարիսա Մինասյանը կարծում է, որ առանց անցումային արդարադատության ու նախկին իրավախախտումների վերականգնման որևէ նոր կառուցակարգ լինելու է շատ թույլ հիմքերի վրա։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր