Մոսկվան չի համաձայնի կորցնել գազային մահակը. իսկ. Թեհրանը պատրա՞ստ է աջակցել մեզ.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ եւ քննարկել թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ, միջազգային ընդգրկման հարցեր:
Մհեր Գրիգորյանն Իրան է այցելել հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստի համար: Հայաստանի փոխվարչապետի իրանյան այցին զուգահեռ տեղի էին ունենում Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները ԵՏՄ երկրների նախագահների հետ, առայժմ բացառությամբ Պուտինի: Դրանց ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է հոկտեմբերի 1-ին Երեւանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովի մասին: Հայաստանը նախագահող երկիր է, եւ Վեհաժողովի օրակարգի ձեւավորումը, իհարկե, առաջին հերթին նախագահող երկրի պատասխանատվությունն է:
Սրանով հանդերձ, արդյոք Երեւանը ձգտո՞ւմ է օրակարգ ներառել գազի գնագոյացման խնդիրը, ինչը ԵՏՄ մակարդակով առաջնահերթություն դիտարկելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի անգամ, տարբեր առիթներով:
Երեւանի դիրքորոշումն այն է, որ պետք է միասնական գնագոյացման շուկա եւ մեխանիզմ, որը թույլ կտա հավասարեցնել ԵՏՄ երկրների հնարավորություններն ու պայմանները, այլապես միասնական տարածությունը կորցնում է իմաստը:
Մյուս կողմից աներկբա է, որ դա ՌԴ համար կնշանակի առնվազն ԵՏՄ երկրների նկատմամբ կորցնել գազային գործիքը, մահակը, այդ թվում, իհարկե, Հայաստանի նկատմամբ:
Ավելին, թեման հատկապես զգայուն է Հայաստանի առումով, եւ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Այդ ուղղությամբ Երեւանն ու Մոսկվան բանակցության մեջ են արդեն մի քանի ամիս: Բանակցությունը գազի գնի շուրջ է, սակայն չկա որոշակիություն, թե ո՞ւր կգնա այդ գինը բանակցության արդյունքում՝ վե՞ր, թե՞ վար, եւ որն է լինելու որեւէ ուղղությամբ գնալու, այսպես ասած, գինը:
Այս տեսանկյունից Երեւանի խաղաքարտը կարող է լինել Իրանը, եթե համաձայնի ռուսականի հանդեպ մրցունակ գնով գազ մատակարարել Հայաստան, ինչը թույլ կտա վստահ խոսել ՌԴ հետ բանակցությունում՝ իմանալով, որ գնի շուրջ պայմանավորվածության չգալու դեպքում Հայաստանը չի մնա առանց գազ, եւ Իրանը կապահովի շահեկան մատակարարում:
Երեւանն ու Թեհրանը այս թեման շոշափեցին դեռեւս փետրվարին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Այդ իմաստով եղան քաղաքական հնչեղ հայտարարություններ, սակայն ինչ գործնական շարունակություն կա այդ մասով, հայտնի չէ: Այդ առումով էլ հետաքրքիր է, թե Մհեր Գրիգորյանի այցի ընթացքում արդյոք շոշափվե՞լ է այդ թեման, եթե ոչ հանձնաժողովի նիստում անմիջապես, ապա գոնե Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Թեհրանը պատրա՞ստ է նպաստել Երեւանի դիրքերին՝ գազի գնի շուրջ Մոսկվայի հետ բանակցությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում