ՌԴ ղեկավարությունն առայժմ որոշում չի ընդունել Վրաստանի հանդեպ տնտեսական միջոցների մասին

«Բնական է ռուս խորհրդարանականների նման կոշտ արձագանքը, ընդ որում՝ բացարձակ միահամուռ դիրքորոշումն այս հարցում, որը նրանք որդեգրել են վրացի հաղորդավարի աննախադեպ վարքագծի ֆոնին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գնահատելով Վրաստանի վերաբերյալ Պետական դումայի ընդունած հայտարարությունը։ Փաստաթղթում պատգամավորներն առաջարկել են պատասխանել Վրաստանի հակառուսական սադրանքներին մի շարք տնտեսական միջոցներով։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «որոշումներն ընդունում է կառավարությունը եւ, վերջնարդյունքում, երկրի նախագահը»։ «Առայժմ որոշում չի կայացվել»,- ասել է նա՝ խոստանալով տեղեկացնել իրադարձությունների զարգացման մասին։
Խոսելով հաղորդավարի պահվածքի մասին՝ Պեսկովն ընդգծել է, որ «նման անտաշ պահվածքը ածանցյալն է նրանց կողմից այն թողտվության, ովքեր հրահրել ու հրահրում են ռուսատյաց հիստերիկան (Վրաստանում)»։ «Այ սա է, մեր կարծիքով, շատ վտանգավոր, խելահեղ վտանգավոր»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ վերջին ժամանակներս Վրաստանում տեղի է ունեցել «ռուսատյաց, ծայրահեղական բնույթի իրադարձությունների մի ամբողջ շարք»։
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավարը հուլիսի 7-ին անվայելուչ վիրավորական արտահայտություններ է արել Ռուսաստանի ղեկավարության հասցեին։