Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 հուլ 2019 14:30

Ասում են՝ հեղափոխությունն արեցին Սորոսը, Տորոսը, Պետրոսը …Այո,բնակչության թիվը կրկնապատկել է Խորհրդային Միության ժամանակներում

Մենք պետք է նայենք մեր պատմությանը, թե ինչպես է եղել, որ Հայաստանում բնակչության թիվը կրկնապատկել ենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ժողովրդագրական խնդրին:
«Դա եղել է մի միջավայրում, երբ Հայաստանում զարգացել է արդյունաբերությունը, երբ Հայաստանը դարձել է ինդուստրիալ երկիր: Այո, դա եղել է Խորհրդային Միության ժամանակներում, բայց այդ արդյունաբերության զարգացման հեղինակը եղել են մեր հայրերն ու պապերը: Այդ ժամանակաշրջանում մենք ունեցել ենք այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Հրանտ Մաթեւոսյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչար, Վահրամ Փափազյանը, Հրաչյա  Ներսիսյանը, Գոհար Գասպարյանը: Ես ուզում եմ ցույց տալ, որ մտածողության կերպը, տնտեսության կառուցվածքը շատ բան են փոխում մեր իրականության մեջ»,-հայտարարեց Փաշինյանը:
Այնուհետև նա խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաջողության գրավականի մասին: Փաշինյանը մեջբերեց թավշյա հեղափոխության մասին ժամանակակից հայ հեղինակներից մեկի գրքից որոշ դրվագներ: Ըստ հեղինակի՝ հեղափոխությանն առաջինը արձագանքեցին երեխաները: Ե՞րբ այն դարձավ բեկումնային. երբ պարզվեց՝ դպրոցականները դուրս են եկել փողոց և ուզում են հեղափոխություն անել:
«Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ ամենակարևոր հասկացություններն են՝ ընտանիք, երեխա, օջախ: Երբ ծնողները տեսան՝ դուրս են եկել երեխաները, իրենց երեխաներին վտանգ է սպառնում: Ինչ պիտի անի ծնողը՝ զանգի, ասի՝ արի տուն, շուտ, արագ: Երեխեքը պիտի իրար նայելով, մեկը մյուսից ամաչելով… այնտեղ մարդիկ են, որ արդեն սիրահարված են, տղաները սիրած աղջիկների առաջ պատասխան ունեն, նույնն էլ աղջիկները՝ դժվար պահին սիրած տղաների կողքին լինելու պատասխան ունեն, չեն գնում տուն»,- ասաց նա՝ նշելով՝ ի՞նչ պիտի անեին ծնողները, բնականաբար՝ իրենց երեխեքի կողքին լինեն, որ մի բան չլինի, ու պարզվեց՝ ողջ Հայաստանը կանգնած է հեղափոխության կողքին:
Կառավարության ղեկավարը նաև անդրադարձավ քննադատություններին, թե հեղափոխության թիկունքում կոնկրետ ուժեր էին կանգնած:
«Ասում են՝ Սորոսը, Տորոսը, Պետրոսը, Արևմուտքը, հյուսիսը, հարավը… Ասում եմ՝ սա մաքուր, գենետիկ մակարդակով հայկական հեղափոխություն է, օտար նշույլ, անգամ՝ 0,00 տոկոս, չկա, միակ բանը, որ եղել է, այֆոնը և ֆեյսբուքն են, բայց իր բովանդակության մեջ սա մաքուր հայկական հեղափոխություն է, որ հենված է եղել հայկական ավանդական արժեքների վրա, բայց դրանց հաղորդել է 21-րդ դարի բնույթ»,- նշեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր