Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ
Համայնքի ղեկավարի ու ֆերմերի հավաստմամբ` աղջիկը ազատ շրջել է գյուղում և միշտ հեռանալու կամ փախչելու հնարավորություն է ունեցել։
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարն ու ֆերմերը կտրականապես հերքում են երիտասարդ աղջկան գոմում պահելու և նրան աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու մասին ոստիկանության տարածած հաղորդագրությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության հաղորդագրության համաձայն` Շիրակի մարզի համայնքներից մեկում երիտասարդ աղջկան պահել են գոմում, աշխատեցրել և չեն վճարել` սպառնալով սպանել, եթե նա ինչ-որ բան պահանջի։ Աղջկա պատմածի համաձայն` Վրաստանից Հայաստան նրան տարիներ առաջ բերել է իր ծանոթը և թողել սարերում։ Նա սկզբում ապրել է բաց երկնքի տակ, ապա հայտնվել ֆերմերի մոտ։ Աղջիկը չի հիշում իր տարիքը և երազում է մորը գտնելու մասին։
Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ աղջիկը՝ Աստղիկ Հարությունյանը, իրենց գյուղում ապրել է ազատության մեջ: «Բոլորս նրան ճանաչում ենք: Աշխատում էր որպես հովիվ: Երբեք փակի տակ չի մնացել: Միշտ իրեն տեսել ենք, ազատ խանութ է գնացել, առևտուր արել։ Նա ցանկացած պահի հնարավորություն է ունեցել թողնելու և հեռանալու, եթե իր ասածի նման խնդիր է եղել: Անասուններին վանքի հետնամասում է արածացրել ու միշտ մարդկանց հետ շփվելու հնարավորություն է ունեցել: Բայց թե ինչու է գնացել ու նման բան հայտնել ոստիկաններին, չգիտենք»:
Այն, որ մոտ 30-ամյա աղջիկն ազատ է եղել ու իր աշխատանքի դիմաց աշխատավարձ է ստացել, մեզ հետ զրույցի ժամանակ հավաստիացնում է նաև ֆերմեր Ռուբեն Թորոսյանը, ում մոտ և աշխատել է աղջիկը: «8-10 տարի է արդեն իմ մոտ չոբանություն է անում, սեփական ցանկությամբ է եկել իմ մոտ աշխատելու: 8 կով, 80 գլուխ ոչխար էր արածացնում: Ազատ գյուղում ման է եկել, խանութ է գնացել, առևտուր արել, հարևանի հարսին հիվանդատես է գնացել: Խանութում կամեռաներ կան, թող ստուգեն, ես թաքցնելու բան չունեմ: Հեռախոս էլ ունի, քարտ էլ, այնպես որ` դժվար չէ այս ամենը ստուգել: Իր աշխատանքի դիմաց 40-50 հազար դրամ է ստացել: Ծանոթներից մեկին նույնիսկ պարտքով փող է տվել, եթե ես աշխատավարձ տված չլինեի, իրան փող որտեղի՞ց»,- նշում է ֆերմերը:
Նրա խոսքով` աղջիկը եփել-թափել չգիտեր, և իր մայրն էր իր համար ճաշ պատրաստում: «Իմ մորն այնքան էր սիրում, որ «մամայով» էր դիմում»,- վստահեցնում է ֆերմերը: Ինչ մնում է անձնագիր չունենալուն, Ռուբեն Թորոսյանը նշեց, որ Աստղիկն ասել է, որ իր անձնագիրն ազգականի մոտն է:
«Ես ֆերմեր եմ, գրանցելու խնդիր չկար, որ անձնագիր ուզեի»,- ասաց ֆերմերը:
Աստղիկի անձնական կյանքից ֆերմերը շատ բան չգիտի: «Ես չգիտեմ որտեղից էր, ասում են` Ախալքալաքի աղջիկ է եղել, բարեկամներ ուներ, բայց չեմ տեսել»:
armeniasputnik.am