Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

25 հուլ 2019 13:18

Զգացված եմ և շնորհակալՎրաստանի իշխանությունից.ԱԳ նախարարը՝ Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո.
Հարց. Պարոն նախարար, հանդիպումներ եք անցկացրել Ձեր վրացի գործընկերոջ և Վրաստանի վարչապետի հետ: Եթե կարելի է, կներկայացնե՞ք քննարկված հարցերի շրջանակը և, մասնավորապես, հունվար-փետրվար ամիսներին խոսվում էր վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի մասին: Արդյոք սա օրակարգո՞ւմ է Հայաստանի և Վրաստանի, նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Զոհրաբ Մնացականյան. Ճանապարհների վերաբերյալ Ձեր կողմից բարձրացած հարցի առնչությամբ. այլընտրանքային այդ ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջև շարունակվում են: Բնականաբար, մենք շատ ուշադիր հետևում ենք և խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ: Բայց բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք բնականաբար դրա մասին խոսել ենք նաև այսօր և շարունակում ենք հետևել` հույս ունենալով, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա:
Հարց. Դա մոտ ապագայի՞ խնդիր է, պարո՛ն նախարար:
Զոհրաբ Մնացականյան. Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետև բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ` կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավել չեմ կարող ասել:
Ինչ վերաբերում է Ձեր մյուս հարցին, թե ինչ օրակարգով ենք աշխատում` չափազանց լայն օրակարգ է: Նկատի առեք, որ ունենք բավական կայուն կանոնավոր երկխոսություն մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մեկ տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել երկու խորհրդակցություններ ԱԳՆ-ների միջև, մենք` իմ գործընկերոջ հետ բավական ակտիվ ենք շփվում և հաճախ առիթներ ենք ունենում միասին աշխատելու և որևէ սահմանափակում չունենք որևէ պահի և ցանկացած ձևով շփվելու առումով:
Այս պաշտոնական այցի շրջանակներում մենք նորից անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու երկրների անվտանգային համակարգերին և այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաև ընդգծեցինք այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնելու հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Այդ առումով մեր երկու երկրները ունեն շատ ընդգծված հետաքրքրություն և շահագրռգվածություն:
Մենք շատ բավարարված ենք այդ բավական ակտիվ դինամիկայով, որ գոյություն ունի մեր երկկողմ հարաբերություններում այս տարվա ընթացքում: Գիտեք` որքան հանդիպումներ են եղել բոլոր մակարդակներով, վարչապետների մակարդակով հարաբերությունները բավական ակտիվ են, նախագահների մակարդակով այդ ակտիվ հարաբերությունները և շփումը կան, կա խորհրդարանական հարթակը, որտեղ նույնպես բավական ակտիվ աշխատանք է տարվում:
Մենք փորձում ենք էլ ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներով: Սա նույնպես բնականաբար այն հարցերից է, որին մենք անդրադարձել ենք և՛ Վրաստանի նախարարի, և՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Եվ մեզ համար աշխատելու շատ մեծ հիմք են Երևանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչև տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներին: Բավական ծավալուն են հարաբերությունները և ծավալուն է օրակարգը, որը ձևավորվել է մեր կառավարությունների միջև և արտահայտվել է միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում: Դրա հարցերը, և որոշ հարցերին անդրադառնալը, որոնք բխում էին միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներից, նույնպես այսօր մեր օրակարգային հարցերն էին և արտահայտվել են թե՛ արտգործնախարարի, թե՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումներ ժամանակ:
Պետք է ասեմ, որ ես իսկապես շատ զգացված եմ և շատ շնորհակալ եմ, որ բավական ջերմ ընդունելության արժանացա այստեղ` Վրաստանում, շատ բարեկամական մթնոլորտում աշխատում ենք միասին, և նաև շատ տպավորիչ էր այն, որքան անմիջապես Վրաստանի վարչապետը իր ներդրումն է ունենում այն աշխատանքին, որ վերաբերում է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր