Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

30 հուլ 2019 10:47

Ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորում ՀՀ սահմանները, և ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը.168 ժամ

Վերջին օրերին հակառակորդի ակտիվություն է նկատվում ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայ-ադրբեջանական սահմանին  հուլիսի 27-ին սրացում էր գրանցվել։
«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող»,- հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։  Հաջորդ օրը հերթական ողբերգական դեպքն էր գրանցվել։ « ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն  Հովհաննիսյանը՝ ցավակցություն հայտնելով Արմանի հարազատներին։
Հիշեցնենք, որ այս ամիս հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել նաև Նախիջևանի ուղղությունից։
ՀՀ սահմանային միջադեպերից հետո որոշ վերլուծաբաններ պնդում են, որ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի իրավիճակին, քանի որ թիրախում ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմաններն են ուղղակի կերպով, ինչը, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, պետք  է դիտարկվի՝ որպես ագրեսիա հենց ՀԱՊԿ-ի դեմ։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանն ասաց, որ ըստ էության նոր բան տեղի չի ունենում հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև նախկինում բոլոր հնարավոր ուղղություններով էլ եղել է լարվածություն։

Բայց այս փուլում, նրա խոսքով, երբ ՀՀ-ում իշխանություն  է փոխվել, որով պայմանավորված՝ փոփոխություններ են եղել արտաքին քաղաքական կյանքում, այդ թվում՝ ՀԱՊԿ և ԼՂ հակամարտության գոտիներում, այս կրակոցները կարող են տարբեր նպատակներ ունենալ։ Առաջինը, ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունների և ՀԱՊԿ-ի համագործակցության հարցում տեղի ունեցած հնարավոր փոփոխությունները ստուգելը կարող է լինել։
«Չի բացառվում, որ հակառակորդը փորձի ՀԱՊԿ-ի կայունությունը, ՀՀ պահանջներին արձագանքելու կարողությունն ու ցանկությունը փորձարկել նոր իրավիճակում, երբ ՀՀ-ում իշխանություն է փոխվել, որը մի շարք խնդիրներ է բարձրացնում ՀԱՊԿ-ում՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում հաստատված կանոնները պետք է գործեն։ Հիշեցնեմ նաև, որ, եթե չեմ սխալվում, տևական ժամանակ անդամ երկրները համաձայնության չէին գալիս ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղար նշանակելու հարցի շուրջ նախորդ քարտուղարի պաշտոնանկությունից հետո, որը որոշակի հարցեր էր առաջացրել ՀԱՊԿ ղեկավարների մոտ։
Այնուամենայնիվ, գուցե փորձ է արվում ստուգել, թե ինչպես են գործելու ՀԱՊԿ կանոններն այս փուլում, որքանով է փոխվել ՀԱՊԿ-ի նշանակությունը, գործունեությունը վերջին իրադարձությունների հետևանքով, քանի որ տևական ժամանակ ՀԱՊԿ ղեկավարները լուրջ հարցեր են քննարկել ՀԱՊԿ-ի նշանակության մասին և միայն վերջերս են համաձայնություն ձեռք բերել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակման վերաբերյալ։
Սրանով ստուգվում է նաև այն, թե ինչ իրավիճակում ՀՀ իշխանությունները կդիմեն ՀԱՊԿ-ին աջակցության խնդրանքով, քանի որ նման իրավիճակներում ՀԱՊԿ-ը կարող է արձագանքել միայն ՀՀ դիմումի դեպքում։ Նախկինում հայկական կողմը սովորաբար հրաժարվել է դիմել ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը։ Իսկ ՀՀ նոր իշխանությունները ՀԱՊԿ-ում այլ քաղաքականություն են վարում»,- ասաց Թրեյսի Ջերմանը։
Հարցին, թե ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն հանգամանքը, որ ՌԴ Պետդումայի վավերացրած ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունների համաձայն գուցե Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում, նա պատասխանեց, որ դա կարող է նշանակություն ունենալ և վստահություն ներշնչել ադրբեջանական կողմին, քանի որ ՀԱՊԿ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին չքննադատվելը, ավելին՝ դիտորդի կարգավիճակ շնորհելը, կարող է դիտարկվել որպես խրախուսում:
«Այն խնդիրները, որոնք եղան ՀԱՊԿ-ում, ևս իրենց ազդեցությունն ունենում են։ Բայց այս հարցում ևս իրավիճակը նորություն չէր, քանի որ Ադրբեջանը միշտ հատուկ հարաբերություններ է ունեցել Ղազախստանի և Բելառուսի հետ, այդ երկրների ղեկավարները մեկ անգամ չէ, որ փորձել են Ադրբեջանի շահերն առաջ մղել այդ կառույցում՝ ճնշում բանեցնելով, այդ թվում՝ նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ ավելի լայն համատեքստում։ ՀԱՊԿ-ում հարաբերությունների բարդ կոնֆիգուրացիա է գործում, որն անդրադառնում է, նսեմացնում է այդ կառույցի նշանակությունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ամիսներ առաջ Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությանը՝ օպերատիվ կապ հաստատել անհրաժեշտության դեպքում, Թրեյսի Ջերմանն ասաց, որ դժվար էր պատկերացնել, որ նման բարդ հակամարտության դեպքում քաղաքական անհաջող երկխոսության պարագայում օպերատիվ կապը կգործի։
«Կրկնեմ իմ նախկինում արտահայտած դիրքորոշումը. օպերատիվ կապը գործում էր, քանի որ կար երկխոսություն և առաջընթացի ակնկալիք։ Իսկ երբ դիվանագիտական գործընթացը կանգնեց այն տեղում, ինչ նախկինում, օպերատիվ կապը, նախկին գրավոր համաձայնությունները չեն գործում, բայց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կարևորությունն այն է, որ նախատեսվում են վերահսկողական գործառույթներ, սարքերի տեղակայում և այլն, որոնք անընդհատ կերպով դիտարկում կանեն շփման գծում և հրադադարը խախտող կողմին կդնեն ուղիղ պատասխանատվության տակ, և կլինի ավելի առարկայական խոսակցություն միջնորդ երկրների կողմից»,- ասաց Ջերմանը։
Նրա խոսքով, այդ նախկին պայմանավորվածությունների ուղղությամբ առաջընթացը որոշ առումով իսկապես առաջընթաց կլինի շփման գծում իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168 ժամ-ի այսօրվա համարում։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր