19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

15 օգոս 2019 14:02

Ո՞րն է մեջքի ցավերի 90 տոկոսի պատճառը

Յուրաքանչյուրս էլ կյանքում գոնե մեկ անգամ ողնաշարի շրջանում շարժման ժամանակ ցավ կամ անհարմարություն զգացած կլինենք: Մեջքի ցավը պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատն է: Նման ցավերը հաճախ ողնաշարային լուրջ հիվանդությունների ախտանշաններ կարող են հանդիսանալ:
Մեր կյանքի մեծ մասը մենք անց ենք կացնում նստած` նստում ենք աշխատանքի գնալիս ու գալիս, աշխատանքի վայրում, հատկապես գրասենյակային աշխատանքի դեպքում: Տնային հանգիստը եւս ակտիվ չի կարելի համարել: Բացի այս` հաճախ մեր ողնաշարը ստիպված է լինում որոշակի ծանրաբեռնվածություն տանել ինչ-որ ծանրություն բարձրացնելիս: Եվ դրա համար էլ զարմանալի չէ, որ 30-40 տարեկանում ողնաշարային հիվանդությունների մի ողջ փունջ ենք վաստակում` օստեոխոնդրոզ, ողնաշարի ճողվածք, ռադիկուլիտ, իշիաս եւ այլ հիվանդություններ:


Մեջքի ցավերի 90 տոկոսի պատճառը հենց օստեոխոնդրոզն է: Գոյություն ունի օստեոխոնդրոզի մի քանի տեսակ` պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային եւ պարզապես տարածված օստեոխոնդրոզ: Հաճախ հանդիպում է օստեոխոնդրոզի գոտկային, ապա՝ պարանոցային ու տարածված տեսակները:
Ցավի զգացողության պատճառ է հանդիսանում միջողային դիսկերի դեգեներատիվ փոփոխությունը: Այս հիվանդությամբ մարդիկ տառապել են բոլոր ժամանակներում: Նույնիսկ ապրելու համար բարենպաստ մի այնպիսի երկրում, ինչպիսին Շվեդիան է, ողնաշարային հիվանդությամբ տառապում է բնակչության մոտ 15 տոկոսը: Հարկ է նշել, որ այս հիվանդությունները տղամարդկանց մոտ հանդիպում են գրեթե 2 անգամ ավելի շատ, քան կանանց մոտ, որի պատճառը ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է:
Օստեոխոնդրոզի գանգատներով, վիճակագրության տվյալներով` բժշկի են դիմում հիվանդների 20 տոկոսը, այսինքն` վերը նշված 90 տոկոսից 70-ը չի դիմում բժշկի: Մասնագետին դիմողները գտնվում են ծայրահեղ վիճակում, ընդհուպ չեն կարողանում նույնիսկ քայլել: Իզուր չէ, որ մեր նախնիներն են դեռ նկատել. «Առողջ ողնաշարը երջանիկ ճակատագրի գրավականն է»: Ժողովրդի մեջ ընդունված է այս հիվանդությունը կապել աղերի կուտակման հետ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Հունարենից osteon թարգմանաբար նշանակում է՝ ոսկոր, իսկ chond-ros` կռճիկ, այսինքն` ոսկորի եւ կռճիկի հիվանդություն: Ինչպես տեսնում եք՝ աղերի մասին խոսք չկա:
Այս հիվանդությունն ընդհանրապես համարվում է տարեց կամ տարիքով մարդկանց հիվանդություն, քանի որ տարիքի հետ օստեոխոնդրոզով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Պետք է ասել, որ այս հիվանդությունը բավական երիտասարդացել է եւ հաճախ հիվանդանում են պատանիները: Իհարկե, այս հիվանդության այդքան վաղ տարիքում ի հայտ գալու պատճառներն էլ քիչ չեն` ժամանակին չբուժված սկոլիոզը, հարթաթաթությունն ու ավելորդ քաշը: Օստեոխոնդրոզով հիվանդանալու ռիսկի խումբ կարող են համարվել.
Մարդիկ, ովքեր ապրում են նստակյաց կյանքով` գրասենյակային աշխատողները:
Մարդիկ, որոնց աշխատանքը կապված է ծանրություն բարձրացնելու հետ` ծանրամարտիկները, բեռնակիրները, ջանասեր տնային տնտեսուհիները:
Ծանր քաշ ունեցողները, որոնց համար օստեոխոնդրոզը կարելի է համարել «մասնագիտական» հիվանդություն:
Այս խմբի մեջ կարելի է ընդգրկել նաեւ ապագա մայրերին, որովհետեւ հղիությունը եւս կարող է հանդիսանալ այս հիվանդության պատճառ:
Անընդհատ բարձրակրունկ կոշիկներ գերադասողներն էլ պետք է հիշեն, որ բացի երկար ու գեղեցիկ ոտքերից՝ իրենք պետք է նաեւ առողջ մեջք ունենան:
Վարորդների գրեթե 100 տոկոսն են տառապում այս հիվանդությամբ: Նրանց խորհուրդ է տրվում օգտագործել գոտկատեղին հարմար հատուկ բարձիկներ: Նախկինում հայրենական ավտոմեքենա արտադրող գործարանները, կարելի է ասել, մոռացել են, որ մարդը պատկանում է ողնաշարավորների դասին: Սակայն այսօր այդ ամենը հաշվի է առնվում:
Եվ այս ամենից բացի` պետք է պահպանել նյարդերը, որովհետեւ, ինչպես շատ հիվանդությունների, այնպես էլ օստեոխոնդրոզի պատճառ կարող են հանդիսանալ նյարդերը:
Պետք է հնարավորինս խուսափել ողնաշարը ծանրաբեռնելուց, օրինակ, ծանրությունը պետք է ճիշտ վերցնել, այնպես, որ հիմնականում աշխատեն ոտքերի մկանները: Կամ, եթե մի ձեռքիդ ծանր բեռ կա՝ հարկավոր է այն անընդհատ ձեռքից ձեռք փոխանցել, որպեսզի ողնաշարի թեքում տեղի չունենա: Կամ` եթե այնպես է ստացվում, որ երկար ժամանակ պետք է կանգնել, ուրեմն` այդ դեպքում պետք է լարել որովայնի ու նստատեղի մկանները։ Այս դեպքում մենք թուլացնում ենք ողնաշարին բաժին հասած ծանրությունը: Եթե հնարավորություն կա հենվելու, կարելի է հենվել: Անընդհատ չպիտի մոռանանք ուղիղ նստելու մասին, իսկ ոտքերն անպայման հատակին կամ, եթե հնարավոր է, քիչ բարձր դրված:
Բոլորն էլ ցանկանում են քնել փափուկ անկողնու մեջ մխրճված, բայց, կարելի է ասել` դրանով մարդն ինքն իրեն թշնամություն է անում: Մարդը, որ մտածում է իր ողնաշարի մասին, առաջին հերթին պետք է չմտածի փափուկ անկողնու մասին: Այն պետք է լինի չոր ու համեմատաբար կոշտ, այլապես, քանի որ խոր քնի ժամանակ մկանները թուլանում են եւ այլեւս չեն կարողանում պահել ողերը, իսկ քանի որ ողերը ֆիքսող մկանները թույլ են, հնարավոր է՝ ողերի տեղաշարժ ու խախտում տեղի ունենա:
Ոչ մի դեպքում չի կարելի ողնաշարը ծանրաբեռնել: Պետք է աշխատել խուսափել հարվածներից կամ վայր ընկնելուց: Եթե աշխատանքը նստակյաց է, պետք է վեր կենալ ու պարբերաբար մարզանք անել: Օստեոխոնդրոզի համար մեծ վտանգ է ցուրտը: Քանի որ, ինչպես վերը նշվեց, մկաններն են կարգավորում ողերի դիրքը, իսկ մկանների սառելուց տեղի է ունենում սպազմ, հնարավոր է ուժեղ ցավի զգացողություն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր