Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

23 օգոս 2019 15:05

Երկրորդ ճակա՞տ Փաշինյանի դեմ. Վենետիկի բազմիմաստ ակնարկը.կլինի՞ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակ

Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրել այն խորհրդատվությունը, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ ակնկալում է Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն այդ նպատակով դիմել է թե Վենետիկի հանձնաժողով, թե ՄԻԵԴ: Խոշոր հաշվով հարցը վերաբերում է հանգամանքին, թե արդյոք խախտվել է երկրորդ նախագահի անձեռնմխելիության սկզբունքը:
Եթե հանձնաժողովը հայտնի, որ սկզբունքը խախտվել է, դա կլինի Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, անկախ նրանից, թե հետո ինչ կկատարվի ՍԴ ներկայիս կազմի հարցում՝ կփոխվի՞ այն, մինչեւ որեւէ որոշում կայացնելը, թե՞ ոչ: Քոչարյանի հաղթանակն ավելի հնչեղ կլինի, եթե նոր իշխանությունը այդ հարցում հակադրվի Վենետիկի հանձնաժողովին: Իհարկե իշխանությունը չունի այդ խորհրդատվությանն ականջ դնելու պարտավորություն, բայց քաղաքական առումով հակադրությունը կունենա շոշափելի նշանակություն՝ բացասական իմաստով:
Մեծ է հավանականությունը, որ Վենետիկի հանձնաժողովը կասի մի բան, որն ըստ հայեցողության կմեկնաբանեն թե իշխանությունը, թե Ռոբերտ Քոչարյանի թիմը: Հանձնաժողովը հազիվ թե սադրի իշխանության հետ որեւէ կոնֆլիկտ՝ որեւէ միարժեք խորհրդատվությամբ:
Կա տեսակետ, որ խորհրդատվության պատրաստման գործընթացը կարող է տեւել ամիսներ: Կարո՞ղ է արդյոք այդ ամիսների ընթացքում փոխվել Սահմանադրական դատարանը: Դրա ճանապարհը չի նշմարվում: Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման առիթով դատական համակարգի շուրջ կատալիզացված բուռն զարգացումը կարծես թե մարել է, սառել, ինչը վկայում է, որ կամ իշխանությունը չունի հետագա քայլերի վերաբերյալ պատկերացում ու որոշում, կամ այդ բռնկումն ուներ ավելի լայն քաղաքական հարցեր լուծելու անհրաժեշտություն, ինչի մասին տեսակետ արտահայտել եմ մի շարք հրապարակումներում:
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ի ելույթում շոշափում էր մեծ շրջանակ՝ Արցախի իշխանության ձեւավորման գործընթացից մինչեւ ապրիլյան քառօրյայի քննության խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում:
Ներկայում քաղաքական զարգացումների եւ իրադարձությունների «կենտրոնը» տեղափոխվել է Ամուլսար: Հատկանշական է, որ այդ ֆոնին է հայտնի դառնում Ռոբերտ Քոչարյանի հարցում ՍԴ-ին խորհրդատվություն տրամադրելու Վենետիկի հանձնաժողովի պատրաստակամության մասին:

Արդյոք «բացվում» է քաղաքական իշխանության դեմ երկրորդ ճակատ՝ դատական համակարգի կամ ՍԴ ուղղությամբ իրադրության ապասառեցման մարտահրավերով, թե՞ հակառակը՝ Վենետիկի հանձնաժողովն է նրբորեն  ակնարկում քաղաքական բարդ խնդրի առաջ կանգնած իշխանությանը մեկ այլ բարդ խնդրի հարցում օժանդակելու պատրաստակամության մասին:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր