17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

28 օգոս 2019 12:30

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալության և ունեցվածքի մասին

Ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը:
Մասնավորապես, Интерфакс-ը, RBK-ն, Коммерсантъ-ը հոդված են հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի երեկվա ճեպազրույցի և ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մասին, ըստ որի՝ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38/179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի չարաշահման կազմակերպումը: Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել: «Գագիկ Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նախկին պաշտոնյային են պատկանում նաև տարբեր ապրանքների ներկրումներով զբաղվող ընկերություններ: Խաչատրյանը վերջին՝ ավելի քան 15 տարում Հայաստան շոկոլադ ներկրողներից է։ Նրան է պատկանում ուկրաինական «Ռոշեն» քաղցրավենիքի՝ Հայաստան ներմուծող ընկերությունը։
     2011 թվականին Գագիկ Խաչատրյանը, 200 միլիոն եվրոյով գնել է Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադի գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն նախկին պաշտոնյան վճարել է կանխիկ, իսկ մնացածը՝ բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է նրա որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում են արտադրվում հանրահայտ «Մոցարտ» շոկոլադե կոնֆետները։
     Խաչատրյանին է պատկանում մի քանի հարյուր հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, Գագիկ Խաչատրյանի ընտանիքին է պատկանում նաև «Ucom» ընկերությունը»,- նշել է ռուսական լրատվամիջոցը:
Ադրբեջանական 1news.az-ը ևս անդրադարձել է Խաչատրյանի ձերբակալությանը. «Գագիկ Խաչատրյանը 2014-2016 թվականներին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Նրա անվան հետ են կապված բազմաթիվ բիզնեսներ: Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նրան հաճախ անվանում են «մոխրագույն կարդինալ»»:
«2018 թվականի իշխանափոխությունից հետո, Խաչատրյանը հեռացավ Միացյալ Նահանգներ, սակայն հետո վերադարձավ Հայաստան: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր կառավարությունը պահանջում էր Խաչատրյանից վերադարձնել յուրացված գումարները, սակայն նախկին նախարարը համաձայն չէր դրա հետ: 2010 թվականին Գագիկ Խաչատրյանի որդիները Լոս Անջելեսի Վեսթվուդ թաղամասում 11 միլիոն դոլարով առանձնատուն էին գնել, հետագայում վաճառել 18 միլիոն դոլարով: Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011 թվականից Ֆրանսիայում գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն։ Էյֆելյան աշտարակի հարևանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասում, Խաչատրյանը նաև բնակարան է ձեռք բերել»,- գրել է haqqin-ը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր