Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

31 օգոս 2019 12:28

Մեկ օր տարբերությամբ Հայաստանի ու Բելառուսի առաջնորդները հրաժարվեցին մեկնել Լեհաստան. խնդիրը Պուտի՞նն է

Մեկ օր տարբերությամբ Հայաստանի ու Բելառուսի առաջնորդները հրաժարվեցին մասնակցել Լեհաստանի Կռինիցա քաղաքում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին եւ Վարշավայում սպասվող Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա հայտարարվեց պաշտոնապես՝ ԱԳՆ-ի ու մամլո խոսնակի մակարդակով, Լուկաշենկոյի դեպքում՝ տեղեկատվական արտահոսքի տեսքով:
Երկու դեպքում էլ հետաքրքիր է ոչ թե մասնակցությունից հրաժարվելու փաստը (ի վերջո երկրի ղեկավարները կարող են ընդունել հրավերը կամ հրաժարվել այս կամ այն միջոցառմանը մասնակցելուց), այլ այն, թե ինչպես դա արվեց: Լեհաստանում կայանալիք 29-րդ միջազգային տնտեսական ֆորումի կայքն ի սկզբանե հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին: Ավելին՝ ֆորումի կազմակերպիչներն իրենց պաշտոնական կայքում տեղեկացրել էին Փաշինյանի մասնակցության մասին՝ գրելով, որ Հայաստանի վարչապետը միջոցառման ամենասպասված հյուրերից է լինելու, որ «կարողացավ լուրջ քաղաքական փոփոխություններ բերել Հարավային Կովկասում»:
Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը հերքեց Փաշինյանի մասնակցության լուրը տնտեսական համաժողովին, որին ներկալ է լինելու 4500 մասնակից տարբեր երկրներից: «Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը, եւ լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,- ասել էր նա «Արմենպրես»-ին:
Այնուհետեւ խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքով, վարչապետը բազմաթիվ հրավերներ է ստանում, սակայն ոչ միշտ եւ ոչ բոլոր հրավերներն է ընդունում։ Նա նաեւ հայտնեց, որ Փաշինյանը չի հրավիրվել մասնակցելու Վաշրավայում սպասվող Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Փաշինյանի չմեկնելը Լեհաստան բացատրեց «ինքնիշխանության» տեսանկյունից: Այսինքն՝ մենք ենք մեր գլխի տերը: Հրավիրել են՝ լավ է, բայց մենք ենք որոշում՝ մասնակցել, թե ոչ: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Լեհաստան չայցելելն ու համաժողովին չմասնակցելն ինքնիշխանության արտահայտությունն է», - ասաց Մնացականյանը լրագրողներին, ապա հավելեց. «Վարչապետն ունի տարբեր երկրներ այցերի իր ծրագիրը, ինչպես նաեւ ներքին քաղաքականության գերակայությունները։ Երբ համադրել են այս երկուսն իրար հետ, որոշել են, որ Լեհաստանի համաժողովին պետք չէ մասնակցել։ Սա սկզբունքային խնդիր է»։
Այս իրողությունը միանգամից հիշեցնում է այն, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո արտաքին հարաբերություններում Փաշինյանը դրեց Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման խնդիրը: Իսկ առաջին անգամ այդ մասին բարձրաձայնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության ժամանակ:
Վերադառնանք թեմային: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանից հետո Լեհաստան մեկնելուց հրաժարվել է նաեւ Բելառուսնի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ լեհական Rzeczpospolita պարբերականի, Լուկաշենկոն չի մեկնի Վարշավա` ի նշան համերաշխության Վլադիմիր Պուտինի հետ: Համաձայն աղբյուրի, Լուկաշենկոն հրաժարվել է այցից, քանի որ Լեհաստանը Պուտինին հրավեր չի ուղարկել: RT հաղորդմամբ, Բելառուսի ԱԳՆ-ն չի մեկնաբանում այս տեղեկությունը:
ԵԱՏՄ անդամ եւ Ռուսաստանի ամենամոտ դաշնակից երկրների ղեկավարների՝ Լեհաստան չմեկնելու որոշման պատճառը Մոսկվայի հետ կապերում որոնելու ձգտումներում, իհարկե, տրամաբանություն կա: Նախ, Լեհաստանն ինքնին Ռուսաստանի հանդեպ տրամադրված է, կարելի է ասել, թշնամանքի աստիճանի նեգատիվ: Բայցի այդ, Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերություններն աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված շարունակում են լարված մնալ: Մթագնում է այդ հարաբերությունների պատմական ֆոնը: Այն է՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը հեռանում են միմյանցից նաեւ երկրորդ աշխարհամարտերի պատմական ընկալումներում ու ներկայիս քաղաքականացված մեկնաբանություններում:
Մեկը փառաբանում է հաղթանակը, մյուսը փորձում դիտարկել դրա հումանիտար կողմն ու արդարացնել անգամ առանձին ֆաշիստական ու նացիստական խմբերի գործողությունները: Ու այս ամենին նվիրված միջոցառում պետք է տեղի ունենար Լեհաստանում, ուր չէր հրավիրված ՌԴ նախագահ Պուտինը: Հավանաբար այս միջոցառումը եւս մեկ անգամ կփաստի պատմական ողբերգական իրադարձությունների մեկնաբանություններում խորացող երկկողմ անջրպետը:
ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, դիվանագետ Արման Նավասարդյանի կարծիքով, Հայաստանն ու Բելառուսը որոշում կայացնելիս այնուամենայնիվ փորձել են ինչ-որ առումով ուղղորդվել դաշնակից պետության, այն է՝ ՌԴ-ի տրամադրությունների շոշափման մտայնությամբ:
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ մեծ ցավ կապրեր, եթե Փաշինյանը մեկներ Լեհաստան: Չեմ կարծում, որ մեր հարաբերությունների վրա շատ ուժեղ ազդեցություն ունենար դա: Բայց արտաքին քաղաքական կոմպոնենտ այս որոշման մեջ կա: Բայց դրա հետ մեկտեղ՝ ճիշտ չէ թմբկահարել, որ սա ինքնիշխանության հարցն է եւ ինքնիշխան որոշումն է: Նման հայտարարությունները մարդկանց որոշակի կարծիք են ձեւավորում: Ինքնիշխանության պաշտպանության հարցը ապրիորի պետք է լինի դիվանագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը, դրա մասին ասելն անգամ ավելորդ է: Խոսքը ԱԳ նախարար Մնացականյանի հայտարարության մասին է: Կարծում եմ՝ այդ հայտարարությունը նախարարի՝ երկու օր առաջ դեսպանաժողովի ժամանակ ներկայացրած երեք սկզբունքներից մեկի՝ ինքնիշխանության մասին հիշատակելու մղումով է արվել: Բայց երբ դու հասարակ հարցին պատասխանում ես, որ որոշում է կայացվել է ինքնիշխանության սկզբունքով, արդեն իսկ մտածելու տեղիք ես տալիս», - մեր զրույցում նշում է Նավասարդյանը:
Բելառուսցի փորձագետը, որը չցանկացավ իր անունը հիշատակել նյութում, մեր զրույցում նշեց, որ Լուկաշենկոն այս քայլը, ամենայն հավանականությամբ, արել է Պուտինի հետ հարաբերություններով պայմանավորված: «Սակայն սա չի նշանակում, որ Լուկաշենկոն ամբողջությամբ սոլիդար է այս հարցում Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ: Սա ուղղակի քաղաքական քայլ է, որը կարող է ապագայում Մոսկվայի հետ հարաբերություններում խնդիրներ ծագելիս առեւտրի առարկա դառնալ: Նման քայլեր Լուկաշենկոն, վերջին երկու տասնամյակի պատմությունը ցույց է տվել, որ հենց այնպես, էմոցիաներով կամ Պուտինի հետ լավ հարաբերություններով պայմանավորված չի անում», - նկատեց նա:
 Տպել



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր