17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

05 սեպ 2019 11:14

ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց.40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան

Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։
Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն  ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին  կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձանց վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35, և այլն։
Եվրոպայից միգրանտների  արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Միգրացիոն ճգնաժամն այնտեղ սրվեց սիրիական պատերազմի հետևանքով և դեռևս 2014-15 թթ.-ից միգրացիոն քաղաքականությունը խստացվեց։ Իրական փախստականներն այնքան շատ են, որ ապաստան ստանալու համար մեր հայրենակիցների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ առողջապահական խնդիրները, որոնք որևէ կերպ փախստականության ինստիտուտի մեջ չեն տեղավորվում, առավել ևս՝ սոցիալ-տնտեսական խնդիներով գնացած մարդիկ շատ արագ ընթացակարգով մերժվում ու ետ են ուղարկվում։ Ընդհուպ մինչև 24-ժամյա ընթացակարգ է մշակվել, հենց օդանավակայաններում, երբ մեր քաղաքացին անձնագիրը պատռում ու հանձնվում է, տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը շատ արագ քննում է հարցը, մերժում ու անմիջապես օդանավակայանից հետ են ուղարկում։
Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:
Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։
Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին։ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ տեղեկացրեց, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել, և այլն։ Ծառայությունում գործում է մեկ պատուհան ծառայություն, որը ֆինանսավորվում է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից, ամեն օր տարբեր ժամերի ընդունում է վերադարձողներին, կարիքներն է գնահատում և ուղղորդում։ Նաև գործում են տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ, որոնք գնահատում են վերադարձողների կարիքները, վերադարձնող երկրի իշխանությունների հետ ճշտումներ են կատարում և որոշակի աջակցություն տրամադրում։ Սակայն այս գործընթացը տևում է ամիսներ։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ ստեղծվել է Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի մասնաճյուղ (ERRIN), որի 3 խորհրդատուներ Միգրացիոն ծառայությունում հարկադիր վերադարձողներին 4 տեսակի աջակցություն են ցուցաբերում՝ բուժզննում, բնակվարձի փոխհատուցում 6 ամսով, բիզնեսի հիմնման աջակցություն և մասնագիտական վերապատրաստում։ Նախատեսված է, որ այս ծրագիրը կգործի մինչև 2020 թ. հուլիս՝ աջակցելով մոտ 400 շահառուի։ Սակայն շահառուների այդ թիվը լրացել է արդեն այս տարի հուլիսին, այսինքն՝ ծրագրվածից 1 տարի շուտ։ Ն.Դավթյանի խոսքով՝ պատճառն այն է, որ սպասվածից ավելի մեծ է եղել վերադարձողների հոսքը, նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակն է շատ բարձր, քանի որ ծառայության աշխատակիցներն օդանավակայանում վերադարձողներին և նրանց բարեկամներին իրազեկում են ծրագրի մասին. «Գրեթե բոլոր վերադարձողները դիմում են և աջակցություն ստանում, և դրա համար բյուջեն շուտ սպառվեց։ Բայց ծրագիրը կանգ չի առնի։ ERRIN-ը Գերմանիայի միգրացիոն հարցերով լիազոր մարմնի աջակցությամբ շարունակելու է ծրագիրը»։
Միգրացիոն ծառայության աշխատակիցը հաստատեց, որ ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց, որոնք մեկնում են հիմնականում Գերմանիա և ապաստան հայցում՝ բուժօգնություն ստանալու ակնկալիքով. «Մենք խորհուրդ ենք տալիս չընտրել այդ ճանապարհը՝ չգնալ ու հանձնվել՝ հույս ունենալով, թե այնտեղ ավելի լավ կյանք է լինելու, կամ լիարժեք բուժում են ստանալու, դա ֆանտաստիկայի ժանրից է։ Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն՝ դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են։ Այն անձանց, որոնք որևէ հ/կ ծրագրից չեն կարողանում օգտվել, ունեն բժշկական խնդիրներ, Միգրացիոն ծառայությունն այդ դեպքերում միջնորդագրեր է գրում Առողջապահության նախարարություն, փորձում ենք անհատական ձևով ընթացք տալ, մինչև կունենանք ընդհանուր կատեգորիան ու կհասկանանք՝ ինչպես ենք վարվում»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր