15:02 - Իմ ու իմ ընտանիքի անդամների հաշիվները սառեցված են, դրա համար չեմ կարող գրավի չափ ասել         14:44 - Եթե փախչող լինեի, ադրբեջանցիք այսօր Ստեփանակերտում թեյ խմելիս կլինեին.նա տվեց Տիգրան Թորոսյանի, Սերժ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի անունները      14:24 - Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի առջև հավաքված աջակիցները սխալ էին լսել դատարանի որոշումը    

09 սեպ 2019 14:40

Կա մի բան, որը բոլորիս կմիավորի. ամեն ինչ խառնվել է իրար,ներհասարակական բզկտվածությունը շատ բազմաշերտ է

Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հետևանքները սովորաբար պարզ և ուղիղ ազդեցություն են թողնում հասարակությունների վրա։
Ուրիշ բարդ մեխանիզմներ փնտրել պետք չէ։ Եթերից եթեր գնացող հանրային ակտիվ անվանացանկերը անում են նույնը՝ բզկտել, բարիկադավորել, բաժանել։ Ավելորդ է  քննարկել, թե ինչի կհանգեցնի այս ամենը։ Գիտակից շերտերը սա արդեն մի քանի ամիս է՝ հասկացել են։ Ինչ վերաբերում է նվազ գիտակից շերտերին, ապա նրանք նման բաները հասկանում են սովորաբար երկու դեպքում՝ ա/ երբ համբերատար և հարգալից բացատրում ես ու ցույց ես տալիս այլընտրանքը, բ/ երբ իրական կյանքը այնպիսի շոկ է ձևակերպում, որից նրա ինքնապաշտպանական բնազդները արթնանում են։
Մի անզգույշ և թերևս ոչ միտումնավոր ձևակերպմամբ ժամանակակից հայ հասարակության մի զգալի հատվածին տրվեց «Պողոս» բնորոշումը։ Այնքան սահուն այս ձևակերպումը մտավ շրջանառություն և այնքան բնական այն ընկալվեց, կարծես՝ հասարակությունը հենց նման մի բանի էր սպասում։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա էլի խիստ իռացիոնալ սպասում է։ Պողոսը անսպասելիորեն ակտիվացած ցածր իրավագիտակցությամբ քաղաքացին չէ, կամ այդ խավը չէ. նույնիսկ եթե մի փուլ էլ նա լինի դոմինանտ։ Սա մեր հասարակությամ մասն է, որը փաստ է, ու որը պետք է ընդունել ու որի հետ պետք է աշխատել։ Պետության համար շատ ավելի վտանգավոր է, երբ «Պողոսի» է վերածվում վերնախավը՝ քաղաքական- դատաիրավական-մշակութային- գործարար և այլն։ «Պողոսը» ոչ մի կապ չունի սոցիալական վիճակի հետ, որովհետև մենք ունենք հարուստ պողոսներ, և կապ չունի կրթական ցենզի հետ, որովհետև մենք ունենք բավականին լավ կրթությամբ՝ պողոս քաղաքացիներ։ Մենք ունենք մտավորական պողոսներ, որոնց վնասը շատ ավելի մեծ է, քան չորսամյա կրթությամբ որևէ քաղաքացու։
Ինչու՞ եմ ես սա ասում՝ ցույց տալու համար, որ այսօրվա ներհասարակական բզկտվածությունը շատ բազմաշերտ է, ամեն ինչ խառնվել է իրար, և չեն գործում պետություն ունեցող հասարակություններին բնորոշ նորմերը։ Սա լուրջ պրոբլեմ է։
 Այսպես երկար չի կարող մնալ
Հիմա հարցին նայենք հակառակ տեսանկյունից՝ ավելի կիրառական կողմից։ Բզկտվածությունը հասկացանք, սերմանվող նեքին թշնամանքը հասկացանք. իսկ ի՞նչը կկարողանա համախմբել հասարակությանը։ Կա՞ արդյոք նման գաղափար, թե՞ դա ուտոպիա է։ Վստահ եմ, որ կա. եթե հանում ենք արտաքին թշնամու ագրեսիան, որի պարագայում գործելու է լրիվ այլ տրամաբանություն, ապա կա մեկ գաղափար, որը ունի կոնսոլիդացնող վճռորոշ ռեսուրս։ Դա «սոլիդ» իշխանության գաղափարն է։
Սոլիդը քաղաքագիտական ձևակերպում չէ, այն չի ենթարկվում հայտնի տարաբաժանումներին։ Սոլիդը նույնիսկ չի ենթադրում այս կամ այն կարևոր խնդրի շուրջ տեսակետների համընկնում։ Այսօրվա Հայաստանի վիճակը շատ դժվար է տեղավորվում դասական քաղաքական ձևակերպումներում։ Սա իսկապես պատահական վիճակ է՝ էքսպերիմենտալ իրականություն։ Ենթադրաբար՝ լուծումներն էլ են լինելու ոչ ստանդարտ։
Հետզհետե՝ հասարակության շատ ավելի մեծ շերտեր են գիտակցելու, որ «լայվահեն»  իշխանությունը վտանգավոր է։ Բայց սա դեռևս չի ենթադրում, որ կա քաղաքական լուծում։ Քաղաքական ուժերի այսօրվա պայմաններում իսկապես չի երևում նման լուծում։
Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք արդեն իսկ հասկանում են, որ սա հեռանկար չունեցող վիճակ է։ Խորհրդարանական մեծամասնութան մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ այս դատարկությունը վատ բանի է հանգեցնելու, և այդ մարդկանց թիվը գնալով մեծանալու է։ Իշխանությունից դուրս՝ հանրային կյանքում, կան զգալի թվով մարդիկ, ովքեր փայլուն հասկանում են անհնարինությունը՝ վերադառնալ անցյալի մոդելներին, բայց նույնքան էլ լավ հասկանում են, թե ուր է  տանելու այսօրվա իշխանական որակը։
Ի՞նչը կարող է միավորել տարբեր հայացքներ, քաղաքական նախասիրություններ ունեցողներին, տարբեր սերունդներին և տարբեր կրթական ու սոցիալական ցենզ ունեցողներին. դա սոլիդ իշխանության գաղափարն է, պահանջը։
Ի՞նչ խնդիրներ է դրվելու ապագա «սոլիդ իշխանության» առաջ. կանգնեցնել գահավիժումը, կանգնեցնել ներհասարակական թշնամանքն ու բաժանումը, կանգնեցնել դատաիրավական բեսպրեդելը, գտնել ներքին համերաշխության բանաձևերը, կտրուկ ամրացնել Հայաստան-Արցախ անվտանգության համակարգը, վերացնել  երկիմաստությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում և վերականգնել վստահության անհրաժեշտ մակարդակը, հստակեցնել հարաբերությունների մակարդակը ԵՄ և ԱՄՆ-ի հետ, առողջացնել քաղաքական համակարգը, այդ թվում՝ մի շարք օրենքների ընդունումով, պատրաստվել խաղաղ, ազատ ընտրությունների։
Ինչ կլինի եթե ուշանա սոլիդ իշխանության ձևավորումը
Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունը և մոլեգնող անլրջության համաճարակը  մտնում է բոլորի տները, հիմնարկները, բակերը, ամեն միկրոսոցիում։ Մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, բայց գործընթացն արդեն անդառնալի է։ Այդ պարզունակությունը և անլրջությունը կազմալուծում է և ավելի է կազմալուծելու կենսագործունեության  բոլոր համակարգերը։ Բոլոր միջավայրերում լինելու է սողացող քայքայում։ Այսօր աղբն ու ճանապարհային երթևեկությունը դարձել են պատուհաս, վաղը այդպես է լինելու բոլոր ոլորտներում։ Էներգետիկ վթարը Երևանում դրա ամենասուր նախազգուշացումն էր. հասարակությանը ոչ ոք չպատասխանեց՝ կա՞ր, արդյոք, իրական վտանգ ատոմակայանի համար, և կա՞ արդյոք 100 տոկոսանոց երաշխիք, որ երկրորդ անգամ նման բան կբացառվի։ Ես սա ասում եմ նկարագրելու համար, թե ինչ անսահման ռիսկ  է պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծումը։
Եթե սոլիդ իշխանության ձևավորման փուլը երկարեց, և այսօրվա իշխանության սոլիդ շրջանակները և իշխանությունից դուրս գտնվող սոլիդ շրջանակները չգտան տարբերակը՝ միասնական սոլիդ իշխանության ձևավորման, ապա Հայաստանին որոշ ժամանակ անց ոչինչ չի մնում, քան «ուժեղ ձեռքի իշխանությունը»։ Կազմաքանդումը լինելու է այնքան խորը, և ներքին ու արտաքին ռիսկերը լինելու են այնքան ռեալ, որ հասարակության բոլոր շերտերի կոնսոլիդացված պահանջն է լինելու «ուժեղ ձեռքը»։ Ձեռք, որը ստիպված է լինելու միառժամանակ սառեցնելու ժողովրդավարական նորմերը՝ կասեցնելու համար թշնամու հարձակումը, տնտեսության կոլապսը, ներքին ընդհարումները և այլն։
 
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր