ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

23 սեպ 2019 17:20

Ադրբեջանում հօգուտ Հայաստանի լրտեսության համար մեղադրվող և բանտերում տանջամահ արված անձանց հարազատները բողոքի ակցիա են անցկացրել

Ադրբեջանում «Տերտերի գործում» ներգրավված անձանց հարազատները սեպտեմբերի 23-ին բողոքի ակցիա են անցկացրել երկրի գլխավոր դատախազության առավելապես ծանր հանցագործությունների քննչական վարչության դիմաց, գրում է «Թուրան» գործակալությունը:


Նրանք պարզել են իրենց զավակների լուսանկարները և պահանջել են գործի արդար քննություն, ինչպես նաև քննության ժամանակ մահացածների արդարացում։
«Իմ 15-ամյա որդուն սպանել են։ Հիմա ուզում են գործը փակել։ Ես բողոքի ակցիա եմ անցկացրել նախագահի աշխատակազմի դիմաց, բայց իմ առաջ դռները չբացվեցին։ Ես օգնություն եմ ակնկալում տիկին Մեհրիբանից և Իլհամ Ալիևից։ Եթե իմ բողոքն ուշադրության չարժանանա, ես քայլարշավ կսկսեմ դեպի Տերտեր։ Ես պահանջում եմ իմ իրավունքները»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։


Այդ պահին ոստիկանները սկսել են ցրել ակցիայի մասնակիցներին և բիրտ ուժով ձերբակալել են «Ամերիկայի ձայն»-ի և «Թուրան» գործակալության թղթակից Թափդըգ Գուլիևին։
2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մի շարք զինվորականներ և քաղաքացիական անձինք մեղադրվում էին լրտեսության համար՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների։
Մայիսի 3-ին Ադրբեջանի ռազմական դատախազությունը հարուցել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն)։ Ստեղծվել էր համատեղ քննչական խումբ, որի կազմում էին դատախազներ, քննիչներ Պաշտպանության և Ներքին գործերի նախարարություններից, Ազգային Անվտանգության աշխատակիցներ: Ձերբակալվածները դատապարտվել էին տարբեր ժամկետներով ազատազրկման:
Սակայն շուտով պարզ էր դարձել, որ հետաքննության ընթացքում առնվազն 8 կասկածյալ տանջամահ է արվել։ Ավելի ուշ հետաքննությունն արդարացրել է մահացած 8 անձանցից 4-ին, իսկ քննիչները, որոնք զբաղվել են նրանց գործով, դատապարտվել են մինչև 7 տարվա ազատազրկման։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր