Այո, կարող ես արձանագրել, որ Քոչարյանի դրսում մնալն իրապես կարող է ազդել արդարադատության իրականացման վրա

Ըստ Ս.Սաֆարյանի՝ այս առումով դատարանը պետք է գնա կտրուկ գործողությունների: Նա կարևորեց վկաների պաշտպանությունը, որպեսզի պատշաճ հետազոտվեն կողմերի հարցադրումները: Նրա վկայությամբ՝ քրեական գործով կան բավարար փաստական տեղեկություններ, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի պաշտոնավարումից հետո Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մայիս-հունիսից սկսվել են զեկուցագրերը կեղծվել: Իսկ այդ զեկուցագրերն այն իրավական հիմքերն են եղել, ըստ որոնց Հայկ Հարությունյանը իբր կազմակերպել է Մարտի 1-ի տեղազննության օպերացիան: Այդ առումով՝ Ս.Սաֆարյանի կարծիքով՝ այդ ժամանակահատվածը պետք է բաժանել 2 մասի՝ ժամանակահատված, երբ Հ.Հարությունյանը պետք է պատասխաներ այն հարցին, թե ինչո՞ւ առանց իրավական հիմքերի տեղանքի զննություն արեց:
«Եթե լինեին օպերատիվ տվյալներ և դրանց վերաբերյալ զեկուցագրեր, հունիս ամսից զեկուցագրերը չէին կեղծվի: Մինչև հունիսը ես տիրապետել եմ ոստիկանության նյութերին այնքանով, որքանով բողոքարկել եմ ոստիկանության՝ առավոտվա գործողությունների իրավաչափությունը»,- ասաց փաստաբանը: Հետագայում համապատասխան պաշտոնյաները հարցաքննվել են և ընդունել են, որ հետին թվով զեկուցագրեր են կազմվել»,- նշեց փաստաբանը:
Նրա դիտարկմամբ՝ դրանով նրանք ընդունել են, որ չի եղել օպերատիվ տեղեկություն, որ հանրահավաքի մասնակիցները զինամթերք են պահում: «Դա շատ կարևոր է, և Հ.Հարությունյանի համար կարող էր առաջացնել անցանկալի հետևանքներ: Կարծում եմ՝ արդեն որպես մեղադրյալ ներգրավելու հարց է առաջ եկել, Հ.Հարությունյանը գիտակցել է դա, և Հ.Հարությունյանի հետ տեղի է ունեցել այն, ինչ արձանագրվեց հետագայում: Երբ վկան ցուցմունք է տալիս և ասում, որ օլիգարխ Լևոն Սարգսյանը եկավ, զենքերը գցեց ու ասաց՝ սրանք պատմական զենքեր են, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ են պատմական՝ որ դրանով մա՞րդ է խփվել: Ես կուզեմ, որ նրանք գան ու ասեն, թե այդ զենքերը ինչով են պատմական»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցին՝ Ս.Սաֆարյանը պնդեց, որ սա այն դեպքն է, երբ կարող ես արձանագրել, որ Ռ.Քոչարյանի դրսում մնալն իրապես կարող է ազդել արդարադատության իրականացման վրա: Դա պայմանավորված է նրա անձով: