ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 հոկ 2019 17:15

Մեր ժողովուրդն արդեն մարսե՞լ է Հոկտեմբերի 27-ը, գործի վերաբացման անհրաժեշտություն կա. Ռիմա Դեմիրճյան

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը կարծում է՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա: Այդ մասին նա նշել է Factor.am-ին տված հարցազրույցում:

– Տիկի՛ն Դեմիրճյան, հատկապես երիտասարդ սերունդը կարիք ունի ճանաչել Կարեն Դեմիրճյանին, իմանալ նրա մասին։ Ի՞նչ տեսակի մարդ էր։
– Դա ինձ համար ամենադժվար հարցն է՝ ոչ թե նրա համար, որ չեմ ճանաչել, այլ որ շատ լավ եմ ճանաչել։ Այդ մարդու մեջ այնքան շատ էր լավը, որ անբնական է հնչում։ Ես նույնիսկ գիրքը, որ գրում էի, ինձ վատ էի զգում։ Փնտրում էի մի թերություն, որ նշեմ, որ հավատան՝ օբյեկտիվ եմ։ Չստացվեց: Գերմանիայից եկած մի լրագրողի ասացի, որ իմ դժվարությունը սա է, մնացած հարցերում դժվարություն չեմ զգում։ Ինքն ասաց՝ Դուք մի մտահոգվեք, մենք շատ ենք շրջել, հարցուփորձ արել, ընտանիքներ մտել, խոսել, բոլորը Ձեր կարծիքին են՝ համարում են, որ նա անթերի մարդ էր։ Երբ նա դա ասաց, ես մի քիչ հանգստացա: Ի՞նչ ասեմ… ցանկացած բարեմասնություն նրա մեջ կար, որն ուզում եք՝ ասեք: Ես որպես մարդ եմ խոսում։ Պատահական չի, որ Հրանտ Մաթևոսյանը Կարեն Դեմիրճյանին նվիրված էսսեի մեջ վերնագիր է ընտրել՝ «Արատներից ազատ մարդը», իսկ քանդակագործ Առաքելյանը գրել է՝ «Մարդ-կատարելություն»։ Անզուգական մարդ էր՝ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում։ Արտադրությունն ուրիշ ոլորտ է, այնտեղ պահանջվում են այդպիսի բաներ՝ գոռգոռում էր, բարկանում էր աշխատողների վրա, բայց ոչ մեկը, երևակայե՛ք, չէր նեղանում, որովհետև բոլորը զգում էին, որ նա անկեղծ է, հանուն գործի է, հետո անպայման հումորով ծածկում էր դա։
– «Բարդ գործ է։ Կատարողները միայն քիլերներ են եղել։ Գտել են մարդկանց, որոնք ընդունակ են դա կատարել, խաղացել են բացասական հատկանիշների վրա»,- Հոկտեմբերի 27-ի մասին ասել եք Դուք։ Հոկտեմբերի 27-ը ներքին քաղաքական ի՞նչ դրդապատճառներ կարող էր ունենալ։

– Եթե Կարենը չմտներ քաղաքականություն, կուսակցություն չստեղծեր ու Վազգենի հետ չմիանար, Հոկտեմբերի 27-ը չէր կայանա։ Իսկ երբ այդ ամենը տեղի ունեցավ, Կարենի հետևից ժողովուրդն էր, Վազգենը հեղինակություն ուներ բանակում. ժողովուրդը վստահում էր Կարենին, բանակը՝ Վազգենին: Ստեղծված այս իրավիճակում «Միասնություն»-ը հզոր դաշինք էր։ Մենք շատ թշնամիներ ունենք, կարող է՝ ուզում էր թշնամին տիրել Հայաստանին՝ տնտեսապես, թելադրել, հնարավոր է՝ ներսում կային միանձնյա իշխանություն ուզող ուժեր, նպատակներ ունեին և այլն։ Կարեն Դեմիրճյանը խանգարող հանգամանք էր: Ինչքան պետք էր ժողովրդին, այնքան որոշ ուժերի ձեռք չէր տալիս։
– Ըստ Ձեզ՝ կա՞ հնարավորություն վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը, պե՞տք է։
– Ես դժվար եմ հավատում, մանավանդ՝ այսքան տարի անցել է: Եթե այն ժամանակ չեղավ, հիմա ինչպե՞ս պիտի լինի։ Չնայած դրան՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա։

– Լրացել է պատժի կրման 20 տարին, և Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատվելու դիմում է ներկայացրել։ Պրոցեսն ընթացքի մեջ է։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը։
– Դա այնքան անհեթեթ բան է, որ չէի ուզի նույնիսկ անդրադառնալ։ Իսկ ի՞նչ է, մեր ժողովուրդն արդեն մարսե՞լ է Հոկտեմբերի 27-ը։ Մոռացե՞լ են, համակերպվե՞լ են, որ նրան ներում տան։ Նաիրի Հունանյանին ներում չկա։ Ժամկետ չկա։ Այն, որ դիմել է նման հարցով, մեկ անգամ ևս վկայում է նրա լկտիության մասին: Ի՞նչ երեսով պետք է նայի մարդկանց աչքերին:
– Կա՞ն հարցեր, որոնց պատասխանն ունի միայն Նաիրի Հունանյանը, և որն ինքներդ կցանկանաք լսել:
– Այդպիսի անձնավորությունն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ նրա խոսքին կարելի է հավատալ։ Ինչ էլ ասի, ես չեմ հավատա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր