Նախարարն ու ԱԺ նախագահն արհամարհելով դուրս եկան մեր 100 ամյակի հոբելյանական նիստից

Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ուսանողական խորհդրի նախագահ Դավիթ Ափոյանը, խոսելով նախարար Հարությունյանի մասին, հայտարարեց, որ նա իր պաշտոնավարման ընթացքում շատ թերություններ է թույլ տվել. «Արայիկ Հարությունյանը ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստին, մինչև վերջ չմասնակցեց: Նա նիստը սկսելուց 20 րոպե հետո արհամարհական դուրս եկավ: Դա մեծ անարգանք է մեր 100-ամյա բուհին: Դա այն քայլերից է, որը դատապարտելի է: Նախարարն ու ԱԺ նախագահն արհամարհելով դուրս եկան մեր 100 ամյակի հոբելյանական նիստից»:
Ափոյանի խոսքերով, շատ խնդիրներ կան նաև կրթության ոլորտում, որին ինքը հետագայում կանդրադառնա:
Ինչ վերաբերում է Հայոց լեզվին և պատմությանը, Ափոյանը կողմ է, որ դրանք մեկ կիսամյակ դասավանդվեն, սակայն այնպես, ինչպես ներառված է ծրագրում, այսինքն՝ Հայոց պատմության հիմնահարցեր և մասնագիտական մայրենի լեզու. «Դրանք տարբերվում են դպրոցում ուսուցանվողից: Ես կցանկանամ, որ օրենքով որևէ բան չպարտադրվի բուհերին, բայց առարկաների դասվանդում կուզենամ տեսնեմ: Դրանք կոնկրետ ինձ շատ դրական բաներ են տվել»։
Հարցին՝ կարելի է արդյո՞ք արձանագրել, որ ուսանողական խորհուրդը սատարում է ակցիա անող ուսանողներին, ուսխորհրդի նախագահը բացասական պատասխան է տվել. «Ուսանողական խորհուրդն այս հարցը պաշտոնապես չի քննարկել: Մենք կփորձենք հասկանալ ուսանողների դիրքորոշումը: Ինչպես հասկանում եմ, հիմա նաև փոխվել են Հարությունյանի հրաժարականի հիմքերը՝ ավելացել են»: