Ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք է բացահայտել ԱԱԾ-ն

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ տարածքում ընդլայնել արտերկրում գրանցված, ֆինանսական բուրգին բնորոշ հատկանիշներով համացանցային կայքի միջոցով տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունը, 2018թ. նոյեմբերից տարաբնույթ խոսակցությունների և դասընթացների ընթացքում գովազդել են կազմակերպության ծառայությունների դիմաց վճարում կատարելու դեպքում եկամուտ ստանալու հնարավորությունը: Արդյունքում՝ հիշյալ անձինք ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համոզել են ներգրավել կազմակերպության «բիզնես-ծրագրին» և փաստացի նախնական համաձայնությամբ ստեղծել ու ղեկավարել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ դրա մեջ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար, ընդ որում անդամակցած անձանց նյութական օգուտը պայմանավորվել է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու, արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ։