16:50 - Վրաստանը կորոնավիրուսի պատճառով անցնում է համաճարակային պատրաստվածության         16:35 - ԶՈՒ հատուկ նշանակության դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով      16:15 - Որտեղի՞ց է վերցված «Այո»-ի 3 մլն դրամանոց շտաբի հաղթած լոգոն    

14 փետ 2020 13:36

«Այո»-ի դրդապատճառը շատ թույլ է. «Ոչ»-ը պոտենցիալ հաղթող է, եթե կարողանա խելացի և ճիշտ աշխատել

«Դատական համակարգի և հատկապես ՍԴ-ի հետ կապված էպոպեան, որ սկսվել է անցյալ տարվա մայիսից, մոտենում է ավարտին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Բադալյանի խոսքով, վերջին 6-7 ամիսների ընթացքում ՍԴ հարցը միշտ եղել է քննարկումների պիկում. «ՍԴ նախագահի դեմ քրեական գործեր, նրա ազգականների նկատմամբ այս կամ այն ձևով ճնշումների իրականացում, անգամ կաշառքի առաջադրում, հիմա էլ մոտենում ենք վերջնական հանգրվանին՝ ապրիլի 5-ի հանրաքվեին»,- ասաց Բադալյանը։
Ըստ քաղտեխնոլոգի, եթե մինչև փետրվարի 27-ը ՍԴ անդամները հրաժարական տան, միգուցե հանրաքվեի հարցը դուրս գա օրակարգից. «Մինչև հանրաքվե ուժերի դասավորվածությունն այժմ հետևյալն է՝ ՀՅԴ-ն քաղաքացիներին կոչ է անում չմասնակցել այս անօրինական գործընթացին, ՀՀԿ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քարոզարշավին, ԲՀԿ-ն է մնացել, նա էլ հավանաբար չեզոքություն կդրսևորի»։
Բադալյանը նշեց, որ հանրաքվեն ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է։ Ըստ նրա, այս պահին իշխանությունների կողմից իրականացվելիք ռազմավարությունը լինելու է սևի և սպիտակի բաժանումը։
«Այսինքն՝ մերժենք անցյալը, ևս մեկ անգամ մերժենք Սերժին։ Երկու տարի անց «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսն է կրկին գործելու, իսկ դա փաստում է, որ այս 2 տարին անիմաստ է անցել։ Եթե 2 տարի անց դու, ըստ էության, նույն կարգախոսով ես առաջ գնում, նշանակում է, որ այս 2 տարում դու ոչինչ չես արել։ Որովհետև 2 տարի տրված էր դեպի ապագա նայելու համար, իսկ հիմա էլի դեպի անցյալ են գնում։ Անգամ ուզում են 2-րդ նախագահին էլ որևէ կերպ կապեն այս ամենին, թեև նա ՍԴ որևէ դատավորի չի առաջադրել։ Թե ոնց են կապելու, դժվար է ասել»,- նշեց Բադալյանը։
Վերջինիս խոսքով, 2018 թվականի ապրիլից հետո Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անձնիշխան համակարգ։ Որպես օրինակ, քաղտեխնոլոգը մատնանշեց Բելառուսում վերջին 30 տարիների իրավիճակը, ապա նշեց, որ նույնը կառուցելու նպատակ ունի Նիկոլ Փաշինյանը։
«Անձնիշխան համակարգի մեջ մտնում են պետական բոլոր մարմինները՝ անգամ ՏԻՄ-ը, ազդցիկ ՀԿ-ները, ինչպես օրինակ ֆուտբոլի ֆեդերացիան։ Էդ ամբողջը պետք է մտնի մեկ համակարգի մեջ և սպասարկի մեկ անձի՝ այս դեպքում վարչապետի շահը։ Այս պահին այդ համակարգը ամբողջովին ձևավորված չէ, մի քանի ինստիտուտ կա, որ դրա մեջ չէ։ Իսկ այդ անձնիշխան համակարգը չի հանդուրժում անկախ մարմինների գոյությունը, ու կապ չունի՝ դա կլինի ՀԿ, թե ոչ էական նշանակություն ունեցող խորհրդատվական մարմին, օրինակ՝ հանրային խորհուրդը։ Առավել ևս, այդ համակարգը չի հանդուրժում անկախ ինստիտուցիոնալ կառույցներին, ինչպիսին է ՍԴ-ը։
Այդ իսկ պատճառով, ՍԴ-ն ևս պետք է բերվի այդ համակարգ։ Եթե դա լինի, ապա կմնա մի քանի ինստիտուտ, որ անձնիշխան համակարգի մեջ չի՝ եկեղեցին, ԶԼՄ-ները և Արցախի իշխանությունը»,- նշեց Բադալյանը։
Ըստ Բադալյանի, անձնիշխան համակարգն ամեն ինչ  վերցնում է, ապա անցնում է կառավարման ավտորիտար ռեժիմի։ Դրնաից հետո համակարգը սկսում է ինքնամաքրվել, համակարգին օտար անդամները դուրս են մղվում. «Համակարգի ինքնմաքրման ընթացքում կարող են նաև որոշ իմքայլական պատգամավորներ դուրս մղվել։ Այգ գործընթացը լինելու է։ Այս պահին «Իմ քայլը» խմբակցությունը 100%-ով վերահսկվում է  վարչապետի կողմից, որովհետև միշտ կարևոր քվեարկություններին 88 ձայնը արդեն իր վերահսկողության տակ է»։
Բադալյանը նշում է, որ անձնիշխան համակարգի ստեղծման նպատակները կարող են տարբեր լինել. կան տեսակետներ, որ Արցախի հարցի կարտգավորման համար անհրաժեշտ է լինելու Հայաստանի բնակչության հավանությունը, և կախված նրանից՝ ՍԴ դատավորների ինչ կազմ կլինի, հնարավորություն կլինի հարցը իշխանության օգտին լուծելու. «ՍԴ ցանկալի կազմը թույլ կտա այդ հարցը դնել հանրաքվեի։ Կան նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցեր։ Սա ինքնանպատակ չի արվում»։
Քաղտեխնոլոգը նշում է, որ, ըստ էության, «ոչ»-ի քարոզով զբաղվելու է քաղհասարակությունը։
«Բայց եթե հաջողվի «ոչ»-ի քարոզը ճիշտ իրականացնել, իրենք միանշանակ հաղթելու են։ Որովհետև «այո»-ի դրդապատճառը շատ թույլ է։ «Ոչ»-ը պոտենցիալ հաղթող է, եթե կարողանա խելացի և ճիշտ աշխատել»,- ասաց Արմեն Բադալյանը։
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր