Որտեղի՞ց է եկել վարակը, կենդանո՞ւց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում. Politico
ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության և պետական գործերի հարցերով հանձնաժողովը լայնածավալ քննություն է սկսում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ծագման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դրան տրված պատասխանի վերաբերյալ:
Ինչպես նշում է Politico-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել հանձնաժողովի նահագահ Ռոն Ջոնսոնը:
«Հանձնաժողովը պետք է ամբողջական քննություն անցկացնի այն հարցերի վերաբերյալ, թե ինչու երկիրն առավել լավ նախապատրաստված չի եղել համավարակին դիմակայելու համար, ինչու դեղագործական բաղադրիչներն ու բժշկական սարքավորումներն արտադրվում են արտերկրում, ինչպիսին է եղել ԱՀԿ-ի պատասխանը վարակին և ինչպես է վարակը տարածվել առաջացման վայրում»,-ասել է Ջոնսոնը:
Այնուամենայնիվ, պարզ չէ՝ արդյոք առավելապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականներից բաղկացած հանձնաժողովը նույնպիսի մանրամասնությամբ կքննի համավարակի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությունը, որով պատրաստվում է քննել Չինաստանի և ԱՀԿ-ի դերակատարումը:
Աղբյուրն ընդգծում է, որ հանձնաժողովի քննությունն առավելապես կենտրոնացած է լինելու Չինաստանի և ԱՀԿ-ի վրա:
«Որտեղի՞ց է եկել այս վարակը, արդյո՞ք այն կենդանուց է մարդուն փոխանցվել, թե՞ ստեղծվել է Չինաստանի լաբորատորիաներից մեկում: Մենք նաև պետք է իմանանք՝ ինչ դերակատարում կարող է ունեցած լինել ԱՀԿ-ն այս ամենը կոծկելու հարցում»,-ասել է Ջոնսոնը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ապագայում դեռ պետք է գտնել կորոնավիրուսի համավարակի մեղավորին՝ նշելով, որ Չինաստանը ժամանակին հիվանդության մասին տվյալներ չի տրամադրել:
«Մենք ցավում ենք, որ այս վարակը, այդ համավարակը, որը սկսվել է չինական Ուհանում, բավականաչափ արագ հայտնի դարձավ։ Չինաստանի կառավարությունը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, ժամանակին այդ տեղեկությունը չի տրամադրել», - հայտարարել էր Պոմպեոն։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի համավարակի պատճառով աշխարհի երկրների կրած վնասների և մարդկային զոհերի համար, Պոմպեոն հայտարարել էր, որ դեռ պետք է բացահայտել իրական մեղավորներին։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 587 155 դեպք, որից 23 644-ը՝ մահվան ելքով։