Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

25 ապր 2020 11:52

Խոցելի խավերին օգնելու կոնկրետ քայլեր պետք է կատարել, այլապես պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը

Մեր չինովնիկների պոպուլիստական խոսք ու զրույցը վտանգեց մի համակարգ, որ չափազանց թանկ գնով էր ձեռք բերվել: Այս մասին իր հոդվածում գրել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, ով իր հոդվածը վերնագրել է՝ պոպուլիզմն ու մշակույթը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Հերթական լայվերից մեկում պարզվեց, որ վարչապետը տեղյակ է հայաստանցիներիս կոմունալ վճարները բարեխիղճ կատարելու մշակույթ ունենալու մասին: Այդ մշակույթը ոչ մի երկիր հենց այնպես նվեր չի ստացել: Ցանկության դեպքում կարելի է այդ մասին կարդալ Արեւմտյան երկրների տնտեսության պատմությունների գրքերում:


Մեր երկրում այս մշակույթ-համակարգը ձեւավորվեց էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հետ: Ավելի ճիշտ էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց այդ մշակույթի կայացման շնորհիվ: Հիմա քչերն են հիշում, որ 1996 թվականի գարնանը ճգնաժամի հաղթահարումը սկսվեց Ավան թաղամասում: Էներգետիկները Ավան թաղամասի բարձրահարկ շենքերի բնակչությանը առաջարկեցին պայմանագիր կնքել, որով պարտավորվում էին օրական 18 ժամ անխափան էներգամատակարարում՝ վճարման դիմաց: Մի քանի տարի շարունակ օրերով էլեկտրաէներգիա չստացած, ապա 2, 4 կամ 6 ժամ հոսանքով «բավարարվող» բնակչության համար 18 ժամն ընդունելի խոստում էր:


Էներգետիկներն իրենց խոստումը կատարեցին: Կամաց-կամաց ավելացան պայմանագիր ստորագրած «բարձրահարկերը»: Ու ընդամենը երկու-երեք ամսում պարզվեց, որ Հայաստանում արտադրվող հոսանքը լիովին բավարար է թե՛ բնակչության, թե՛ տնտեսության կարիքների համար: Որովհետեւ խիստ վերահսկվող համակարգ էր ներդրվել:


«Լեւի լույս» կոչվածը նվազագույնի էր հասցվել, իսկ բոլոր սպառողները բարեխիղճ վճարում էին օգտագործած էներգիայի դիմաց: Հարկավոր էր նաեւ արձանագրել, որ դա արվեց եւ՛ էներգետիկ կառույցների, եւ՛ պետական, եւ՛ բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին: Չի կարելի ասել, որ այս ամենը հեշտ ու հանգիստ ձեռք բերվեց: 90-ականների երկրորդ կեսի մամուլում կարելի է բազմաթիվ օրինակներ գտնել, թե ինչպես սպառած էլեկտրաէներգիայի վարձը չէին վճարում այսպես ասած «առանձնատների» թաղամասերը (Սարի թաղ, Կոնդ եւ այլն), ինչպես նաեւ շատ բարձրաստիճան չինովնիկներ ու նրանց մերձավորներ:


Օրինակներ այն մասին, որ կուտակված հարյուր հազարավոր դրամ պարտքերը չէին վճարում, ասենք, այդ պահին գործող վարչապետի հայրը, էլեկտրաէներգիայի սակագինը որոշող պետական հանձնաժողովի նախագահը կամ ՆԳՆ փոխնախարարը: Կարելի էր ենթադրել, որ պետական որոշում էր ընդունվել՝ հանձնարարել էներգետիկներին տեղեկատվության արտահոսք կազմակերպել ու փաստեր տրամադրել լրատվամիջոցներին: Պարզ սպառողների անկարգության հարցն ավելի հեշտ էր լուծվում՝ նույն անջատումներով:


Միով բանիվ երկու-երեք տարում հաջողվեց ներդնել վճարումների բարձր մակարդակ ունեցող համակարգ: Համակարգ, որ միջազգային կառույցներն էներգետիկ բարեփոխումների լավագույն օրինակներից համարեցին: ՌԴ էներգետիկ ոլորտի հանրահայտ ղեկավար Չուբայսն իր ելույթներում անընդհատ Հայաստանի օրինակն էր բերում ու չթաքցրած նախանձով խոսում սպառած հոսանքի դիմաց վճարելու մեր՝ հայաստանցիներիս ունեցած բարձր մշակույթի մասին:


Հետո համապատասխան կազմակերպության, պետական ու բնակչության ֆինանսական ներդրումների հաշվին գազամատակարարման համակարգը ձեւավորվեց: Այստեղ եւս պահպանվեց վճարումների պարտադիր համակարգը: Գազամատակարարման ընկերությունները, էլեկտրաէներգիա արտադրող, փոխանցող ու բաշխող ընկերությունները մեր երկրի խոշորագույն հարկատուներն են: Առաջին հերթին սպառողների վճարումների բարեխիղճ մշակույթի հաշվին, եթե կուզեք: Մի բան, որ առ այսօր չի հաջողվում ներդնել ջրամատակարարման ոլորտում: Ջրի 80 տոկոսանոց կորուստները դրա ապացույցն են: Այստեղ հնարավոր չեղավ կիրառել «Վճարիր, թե չէ կանջատենք» բանաձեւը:


Ուստի նույնիսկ համավարակը չի կարող լինել պոպուլիզմի արդարացման պատճառ: Հոսանք ու գազ կա, որովհետեւ վճարում ենք: Ավելի ճիշտ՝ սպառողը վճարում է: Խոցելի խավերին օգնելու կոնկրետ քայլեր է պետք կատարել: Այլապես պոպուլիստական ճառերով կոչնչացնենք կոմունալ վարձերը վճարելու մշակույթը: Մշակույթ, որի ձեռք բերման համար 90-ականներին շատ թանկ ենք վճարել՝ պարզ սպառողից մինչեւ պետություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր