Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

25 ապր 2020 13:12

Դոնալդ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով վրիպում է նշանակետից

Ամերիկայի հայկական համագումարի մամլո հաղորդագրությունը.
Այս տարվա հայտարարությունը, ինչպես և պատահել է նախորդ տարիներին, արտացոլում է ցեղասպանության բառարանային սահմանումը և օգտագործում է հայերեն արտահայտությունը՝ Մեծ Եղեռն, սակայն զիջում է 1981թ.-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի պարզ հայտարարությանը. «Ինչպես դրանից առաջ տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը և ինչպես չափից շատ այլ ժողովուրդների նմանմանատիպ չափից շատ այլ հետապնդումներ՝ Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»:


«Ադմինիստրացիայի հայտարարությունը չհասավ ազգային համաձայնության նպատակին, ինչն արտացոլվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից միանշանակ հաստատման մեջ, որը ճնշող մեծամասնությամբ ընդունեց Ներկայացուցիչների պալատի 296 Բանաձևը (H.Res. 296) և Սենատի 150 Բանաձևը (S.Res 150) անցյալ տարվա աշնանը, ինչպես նաև ամերիկյան 49 նահանգների կողմից»,– հայտարարեց Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: H.Res. 296-ը Ներկայացուցիչների պալատում անցավ 405 կողմ և 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ S.Res 150-ը՝ միաձայն համաձայնությամբ ընդունվեց ԱՄՆ Սենատում՝ 2019թ.-ի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին, համապատասխանաբար:


Անցյալ տարվա աշնանը, Հայկական համագումարի Ազգային քարոզչական կոնֆեռանսում ամերիկահայ Կոնգրեսական Ջեկի Սփիրին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) մեծարելու ժամանակ, նա քննարկեց ցեղասպանության հաստատման կարևորությունը և նրա գործընկերներից շատերը համաձայնեցին, այդ թվում` նախկին սենատոր և փոխնախագահ Ջո Բայդենը, ով, Հայկական համագումարին ուղղված իր նամակում մասամբ նշեց. «Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեր արձանագրությունը»: «Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք բնաջնջման այս սարսափելի և համակարգված արշավի մասին… չհիշել կամ չճանաչել ցեղասպանության փաստը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»,- շարունակվում է նամակում:


«Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկկուսակցական բանաձևերը սատարելու փոխարեն՝ անցյալ տարվա աշնանը Ադմինիստրացիան, անբացատրելիորեն, հնարավորություն ընձեռեց Թուրքիայի նախագահին օգտագործել Սպիտակ տունը որպես ցեղասպանությունների ժխտման վայր՝ փորձելով խաթարել Կոնգրեսի կամքը»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Հայոց ցեղասպանությունը հստակորեն հաստատելու ձախողումը կասկածի տակ է դնում ԱՄՆ-ի հուսալիությունը մարդու իրավունքների ոլորտում ամբողջ աշխարհում և ծառայում է ավտորիտար ռեժիմների հզորացմանը, մինչ նրանք շարունակում են հետապնդել քրիստոնյաներին և այլ փոքրամասնություններին»,– հավելեցին համանախագահները: «Հայոց ցեղասպանության փաստերը և Ամերիկայի արձանագրությունը հստակ են: Նախագահական հաստատումը անխուսափելի է և սա բաց թողած հնարավորություն էր »,– եզրափակեցին համանախագահները:


Նախագահ Թեոդոր Ռուզվելտը հայտարարեց, որ «հայերի նկատմամբ թուրքերի» կողմից իրականացված վայրագությունները եղել են «այնքան սարսափելի, որ դժվար է դրանց անուն գտնել… մարդիկ՝ ում փոքր երեխաները սպանվում են և իրենց կանայք՝ բռնաբարվում»: Իր նամակում, որն ուղղված էր Քլիվլանդ Դոդջին, ով ղեկավարում էր Կոնգրեսի կողմից հավատարմագրված Մերձավոր արևելքի օգնություն կազմակերպության Նյու Յորքում գտնվող գլխամասային գրասենյակը, նախագահ Ռուզվելտը հայտարարեց ավելին. «դա պատերազմի մեծագույն հանցագործությունն էր և Թուրքիայի դեմ չգործել՝ նշանակում է դրան թողություն տալ…»:


Գեներալ-մայոր Ջեյմս Հարբորդը, ով ծառայում էր որպես գեներալ Ջոն Փերշինգի շտաբի պետ Առաջին աշխարհամարտի տարիներին, ղեկավարեց Ամերիկյան ռազմական առաքելությունը դեպի Հայաստան և զեկույց ներկայացրեց Միացյալ Նահանգների Մարթա Վաշինգտոն նավատորմի նավից 1919թ.-ին: Զեկույցում մասամբ ասված է. «Խեղաթյուրումը, բռնությունը, կտտանքը և մահը թողեցին իրենց հալածիչ հիշողությունները հարյուրավոր գեղեցիկ հայկական հովիտներում և այդ շրջանի ճանապարհորդը հազվադեպ է զերծ մնում բոլոր ժամանակների այս ծանրագույն հանցագործության ապացույցներից»:


Ինչպես Կոնգրեսի բանաձևերը հստակ ընդունում են՝ «Միացյալ Նահանգները հպարտ արձանագրություն ունի ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը»: Ադմինիստրացիայի շեղումը մարդու իրավունքների նորմերից, որոնք հաստատվել էին ավելի քան մեկ դար առաջ, թուլացնում է ԱՄՆ կառավարության դիրքը համաշխարհային հանրության մեջ: Ադմինիստրացիային մնում է միանշանակ հաստատել Հայոց ցեղասպանությունը:


Թեև մենք ողջունում ենք Ադմինիստրացիայի «պատրաստակամությունը պաշտպանել խոցելի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին» և իր խրախուսումը թուրքերին հաշվի նստել «իրենց ցավոտ պատմության հետ», մենք փորձից գիտենք, որ գործողություններն ավելի բարձր են խոսում, քան բառերը և Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի հստակ հայտարարություն ավելի հեռուն կգնա այդ նպատակներին հասնելու համար: Ամբողջ Թուրքիայով մեկ փոքրամասնությունները շարունակում են մնալ սպառնալիքների տակ և շատ ավելին հնարավոր է անել հասնելու համար նրան, որ մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների ամենահիմնարար ազատությունները Թուրքիայում պաշտպանված լինեն: Այսօրվա հիմնախնդիրները Հայոց ցեղասպանության լույսի ներքո տեսնելը պատշաճ համատեքստ է տալիս հասկանալու Թուրքիայում առկա խնդիրների հարատևությունը, ինչպես նաև դրանց հաղթահարման ռազմավարությունը: Ադմինիստրացիան կարող է, ամենաքիչը, գոնե պաշտպան կանգնել Հասան Ջեմալի պես հեղինակություն ունեցող մեկին, ով Հայոց ցեղասպանության համար պատասխանատու եռյակից մեկի թոռն է և միանալ նրան՝ ճանաչելով և դատապարտելով 1915թ.-ին կատարված հանցագործությունները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր