Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

07 հուլ 2020 15:15

Նախարարությունը ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը.համակարգային լուրջ խնդիր՝ կոռուպցիոն դրսևորումներով

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին, որը ներկայացնում ենք ստորև:


Կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժի հավելագրման համար շարունակում են առկա մնալ արատավոր պայմանները: Իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է:


Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:


Օրինակ՝ եթե քաղաքացին ունի ասենք 8 տարվա ստաժ, ապա նրա ունեցած ստաժին 2 տարվա կեղծ ստաժ ավելացնելու պարագայում՝ այդ քաղաքացին կենսաթոշակի կանցնի իր համար օրենքով սահմանված տարիքից (65 տարեկան) 2 տարի շուտ: Հետևաբար, պետական բյուջեից նրան կվճարվի անօրինական կենսաթոշակ՝ 660 հազար դրամ ընդհանուր չափով: Բացի սա՝ անօրինական ձևով կավելանա նաև այդ քաղաքացու կենսաթոշակի ամսական չափը՝ կեղծ ստաժի տարիներին համապատասխան:


Իհարկե, սա համակարգային լուրջ խնդիր է, որը հանգեցնում է կոռուպցիոն դրսևորումների: Ակնհայտ է նաև, որ միայն իրավապահ մարմինների պայքարը կոռուպցիա ծնող արատավոր այս երևույթի դեմ չի կարող լիարժեք արդյունք ապահովել: Բնականաբար, այս երևույթը հնարավոր է վերացնել միայն համակարգային բարեփոխումների միջոցով: Վերջինիս մասին արդեն երկու տարի խոսում են գործող իշխանությունները, իսկ իրականում այն մնում է չլուծված՝ պետական բարձիթողի կառավարման ֆոնին:


Հետևանքներն էլ լինում են՝


պահպանվող էական ռիսկերը և պետական բյուջեից անօրինական ծախսերը,


ոլորտի մանր ու միջին չինովնիկների պարբերաբար ձերբակալությունները, որի մասին պարբերաբար տեղեկանում ենք ԶԼՄ-ների հրապարակումներից:






Նորից հիշեցնեմ. մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:


Համակարգային լուծման այս աշխատանքները մեկնարկել են դեռևս 2016 թվականի օգոստոսից, որը պետք է ավարտվեր 2018 թվականի դեկտեմբերի 31-ին: Սակայն մեկ տարով հետաձգվեց օրենքով սահմանված այդ ժամկետը՝ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության առաջարկով:


Այս ընթացքում բազմիցս ենք հայտնել հիմնավոր մտահոգություններ առ այն, որ նման անբավարար տեմպի ու անհետևողականության պարագայում հնարավոր չի լինելու ժամանակին ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը:


Հիմա էլ արձանագրում ենք. մեր մտահոգությունն այլևս իրողություն է՝ օրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով այս կարևոր գործընթացը:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այս գործընթացն ավարտին հասցնելու ժամկետները նորից հետաձգվել են՝ այս անգամ էլ երկու տարով: 


Գործընթացի շրջանակներում 2019 թվականին նախատեսված էր հավաքագրել և տեսաներածել շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ։


Ի դեպ, նաև այս աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար են աշխատավարձ և աննախադեպ չափերի պարգևատրումներ ստացել ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաները:


Սակայն փաստն այն է, որ նախարարությունը ծրագրված այս աշխատանքները թերակատարել է շուրջ 65 տոկոսով և հավաքագրել է ընդամենը 125 հազար աշխատանքային գրքույկ: Այս պատճառով էլ կատարված օրենսդրական փոփոխությամբ նորից երկարաձգեցին աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքների ժամկետը:


ՀՀ օրենսդրությամբ այս գործընթացի կազմակերպման ու իրականացման առաջնային պատասխանատուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունն է: Խոսքը վերաբերում է վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:


Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն ունի 50-ից ավել տարածքային բաժիններ շուրջ 650 աշխատողներով և այս աշխատանքները կատարելու համար ուներ շուրջ 4 տարի ժամանակ:


Իսկ նախարարության տարածած հաղորդագրությամբ, որպես աշխատանքները ժամանակին չավարտելու պատճառ, բերված է գործատուների մի մասի կողմից իրենց պարտավորությունների չկատարումը և դրա համար վարչական պատասխանատվության բացակայությունը:


Զարմանալի է, որ այս մասին ոլորտի պատասխանատուները հիշում են միայն սահմանված ժամկետի ավարտին՝ ծրագրված իրենց աշխատանքները ձախողելուց հետո:


Իրականում պատասխանատու պետական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ավարտել իրեն վերապահված աշխատանքները՝ կա՛մ չկարևորելով դրանց հրատապ անհրաժեշտությունը, կա՛մ ոչ պատշաճ իրականացնելով իր հիմնական գործառույթները: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր