Հետծռային իրավիճակը Հայաստանում
Ձև անել, թե հուլիսյան դեպքերը ոչինչ չեն փոխել երկրի կյանքում` առնվազն իրատեսական չէ: Անձամբ ես ամեն տեսակ հեղափոխություններից կուշտ եմ և առարկայորեն տեսել եմ, թե ինչպես են սրիկաները խժռում հեղափոխականների ջանքերի արդյունքը. հայտնի է` հեղափոխություն անում են ռոմանտիկները ու ֆանատիկները, իսկ դրա արդյունքից` պտուղներից օգտվում են սրիկաները: Առավել ևս` զինված գրավումները համարում եմ անընդունելի, անթույլատրելիության աստիճանով հավասար նրան, ինչ անում են կոռումպացված կամ թանկ փողն ամենաէժան ձևով օֆշորները կրած պաշտոնյաները երկրի հետ: Ասելս այն է, որ ես չեմ հավատում երկիրը երկիր դարձնելու ուժային եղանակներին, որտեղ չկան հստակ ծրագրեր, քայլերի հաջորդականություն, քաոսից և ցնցումներից երկիրը զերծ պահելու մեխանիզմներ և հստակ դերաբաշխումներ, այլընտրանք առաջարկող մանրամասն մշակված հետագա հեռանկար: Մեր նման փոքր և բազմաթիվ թշնամիիներ ունեցող երկրի համար Բաստիլի գրավումը հղի է երկրի անվտանգության համար չափազանց լուրջ սպառնալիքներով, ինչը հենց ՊՊԾ գրավածները հասկացան ու ինչ- որ պահի կանգ առան: Իսկ երբ ասվում է «ազգային համաձայնության կառավարություն», որն անշուշտ հնչողությամբ գեղեցիկ է, սակայն անմիջապես էլ մտապատկեր է բերում այն խաբեությունը, երբ հրապարակներում բորբոքված հասարակությանը մեկը բեմից յուրայինների անուններ է առաջարկում, իսկ ամբոխը գոռում է` այոոոոո~, առանց հետևանքների մասին մտածելու, կամ կոնկրետ այդ անունների համար պատասխանատվություն ստանձնելու: Ասելս այն է, որ եթե մի հանրություն չի հասունանում այն աստիճան, որ կարողանա իրական ընդդիմություն ձևավորել, ընտրություններին իրական համախմբմամբ և առանց վաճառվելու երկրում ինչ-որ բան փոխելու հաստատակամություն դրսևորել, որտեղ ընտրական հանձնաժողովերի` ընդդիմությունը ներկայացնող անդամները մտածում են սակարկությամբ ավելի մեծ գումար պոկելու մասին միայն, որով իրենք աչք են փակելու կեղծումների հանդեպ, ապա ռոմանտիկների մի խումբ, որը վերևում թվարկված քայլերը չունի, չի կարող իրականում վիճակ փոխել, եթե չասենք, որ միգուցե այլ մարտահրավերների առաջ կկանգնեցնի երկիրը:
Հուլիսի17-31-ը տեղի ունեցածը Հայաստանում, այնուամենայնիվ, իր անդարձ հետքը թողեց շատուշատ առումներով:
Հուլիսի17-31-ը տեղի ունեցածը Հայաստանում, այնուամենայնիվ, իր անդարձ հետքը թողեց շատուշատ առումներով:
Ամբողջ խնդիրն այն է, որ բոլոր այն հարցերը, որոնք բարձրացնում էին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները` Արցախի հարցում տարածքների զիջման անթույլատրելիության ու երկրում տիրող բարքերի վերաբերյալ, չեն անհետանա, եթե ասենք հասարակությունը նրանց սիրելու փոխարեն` փնովի, իշխանությունն էլ դատի, ազատազրկի և առհասարակ առաջնորդվի նրանց հանդեպ ակն ընդ ականով, ինչպես որ մինչև հիմա առաջնորդվել է անցանկալի ընդդիմադիրներին լռեցնելիս: Ու հնարավոր է` կգտնվեն այլ մարդիկ, որոնք, թքած ունենալով սեփական կյանքի վրա, էլի կդիմեն այդ անընդունելի և ոչ մի տեղ չտանող մեթոդին, երբ հուսահատվեն այն բանից, որ մեր երկրում հարցերը շարունակեն մնալ չլուծված, պատերազմի վտանգով մարդկանց լռեցնողներն էլ շարունակեն սեփական գրպաննեերն անարգել լցնել:
Որովհետև նայեք, մի պահ թվում է` ինչ որ բան փոխվել է, մեր պաշտոնյաները եզրակացություններ են արել ու դաս են քաղել տեղի ունեցածից: Բայց հենց սեփական թաղերում եթե մի հայացք գցեք` տեղական իշխանության հետ սերտաճած կրիմինալն էլի տեր ու տիրական է, շարունակում է նույն թափով, միգուցե` ավելի մեծ թափով, վերջին անգամի նման (քանի որ «Սասնա ծռերի» արածն, այնուամենայնիվ, աչք է վախեցրել, որ մի օր կարող են զրկվել ունեցածից), շարունակում են ընդլայնել խանութներ, նոր ու շքեղ տներ կառուցել, ընդհանուր աղքատության ֆոնին` անհասկանալի ցոփ բարքերով ապրել: Զանազան փող ապահովող գործերը իշխող մեծամասնության ներկայացուցիչները շարունակում են գցել իրենց տատի մորեղբոր թոռներին կամ խնամու բաջանաղ-քենիներին, ու ոչ մի պատահական մարդու շանս չի տրվում համարյա: Մի քիչ մտածող մարդիկ առաջվա նման էլի մոդայիկ չեն` մտածելը չէ՞ որ արդարության զգացում կարող է ծնել, անարդարություն մատնացույց անել: Մտածողների ինչ-որ մաս կամա-ակամա խառնվել էր վերջին իրադարձություններին, առանց խորանալու «չուժոյ պախմելի» շարժառիթներում ու նպատակներում, ու այժմ զանազան դատաոստիկանական քաշքշուկների մեջ է հայտնվել, հատկապես այդ օրերին ակտիվացած մի քանի ընդդիմադիրների հանդեպ իշխանությունը կարծես վրեժխնդրության գործելակերպն է որդեգրել` խափանման միջոց կալանքի միջոցով տարբեր ժամկետներով հասարակությունից մեկուսացնելու միջոցով փորձելով վախեցնել: Իսկ այն հարցերը, որոնց լուծման մասին բազմաթիվ անգամ խոսել է նաև երկրի նախագահը, և որոնք առաջ էին քաշում նաև «Սասնա ծռերը», դրանք այդպես էլ մնացել ու մնում են անլուծելի: Դրանք տարիներով չեն լուծվում, դրանց վերաբերյալ հայտարարություններ անող պաշտոնյաները միայն խաբս են տալիս, ու մենք այժմ ունենք մի պետություն, որը խճճվել է աշխարհաքաղաքական ինտրիգներում, հետն էլ այնքան կողոպտվել անբարեխիղճ պաշտոնյաներից, այնքան խնդրախեղդ եղել բազմաթիվ ոլորտներում ոչ կոմպետենտ կառավարողների փորձարարություններից, այնքան շուլալվել օրենքները շրջանցողներով, որ «Սասնա ծռերի»` բոլոր առումներով թվում է անընդունելի գործելակերպին միացան դժգոհների բազմաթիվ շերտեր, իսկ հանրային համակրանքի պակաս նրանք չունեցան: Անգամ էպոսի ժանրով նրանց շուրջ պատումներ են ստեղծվում (ասենք` հաց բերող Արթուրի մասին երգը և այլն):
Այ հենց դա պիտի վտանգավոր դիտվեր իշխանության համար: Դու կարող ես ծեծել ցուցարարներին, սադիստական մեթոդներ կիրառել բողոքող պայծառ երիտասարդության նկատմամբ, հավասար խոչընդոտել իշխանական և ոչ իշխանական լրատվամիջոցների լրագրողների աշխատանքը, խոսել ու դատ անել օրենքի անունով, բայց դրանով սեր չես վաստակի և «Սասնա ծռերի» հանդեպ միանգամից ծագած ժողովրդային սերը չես չեզոքացնի: Դրանից պետք է իրոք վախենալ` Արցախի և բազմաթիվ խնդիրներ ունենալով դռանը: Մյուս անգամ գուցե հնարավոր չլինի պահել գործընթացների կառավարումը, սրանից պետք է վախենալ: Ուրիշ բան, որ միգուցե առանց իշխանության ինչ-որ թևի կամ շերտի մեր համոզմամբ պիտի որ հնարավոր չլիներ հուլիսի 17-ին սկիզբ առածը, ու «աթոռ սողոսկելու» պահը թաքնված դիրիժորները միգուցե իսկապես նպատակադրել էին: Բայց սա չենք կարծում, որ բացահայտվի` այնքան խորն են ներիշխանական ինտրիգների արմատները, խնդիրներն ու մարդկանց օգտագործելու խորամանկ ձևերն էլ վաղուց Հայաստանում իշխանության ձգտողների սովորական ձեռագիրն է եղել. ընդամենը ժամանակագրական առումով հապա նորից նայեք Գառնիկ Իսագուլյանի ասուլիսների ու հարցազրույցների շարանը...
Սակայն որքան էլ զարմանալի` «Սասնա ծռերը» ինչքան որ վատություն արեցին իշխանությանը, նույնքան էլ լավություն արեցին` կամա, թե ակամա: Մինչև մեր անդրադարձն, իհարկե, մամուլը մանրամասն քրքրել է տեղի ունեցածը, փորձել ծագող հարցերի պատասխանը գտնել, սակայն մինչև օրս էլ այդ հարցերի պատասխանները չկան, ու մեր կարծիքով չեն էլ լինի, քանի որ իշխանություն- ՙԾռեր բանակցությունների շատ դրվագներ մնացին քողի տակ` ինչ տվին, ինչ առան չիմացվեց, իրական շարժառիթներն ու այդպես հեշտորեն ՊՊԾ գունդը գրավելու բացատրությունը չեղավ (մի երկրում, ուր իշխանությունն իր ուժային կառույցներով գիտե ամեն ավտոմատի, ամեն ինքնաշեն ատրճանակի տեղը, ՊՊԾ գնդի գրավումը կարելի է բանահյուսական ժանրից համարել, ինչպես, ի դեպ, խմբի բանահյուսական անվանումը): Առնվազն կարելի է մտածել, որ իշխանության մի թև կամ մի նեղ շերտ տեղյակ է եղել տեղի ունեցածից: Տեղյակ լինել-չլինելու արդյունքն էլ կարելի է եզրակացությունների բերել, եթե այդ մասին, իհարկե, հարմար համարեն հասարակությանն իրազեկել քննությունից հետո: Ուրեմն` թիվ մեկ լավություն իշխանությանը. ՊՊԾ գնդի գրավմամբ և տեղի ունեցողի հետագա հանրայնացմամբ Արցախի հարցում հայտնի արվեց, որ երկրում կոշտ դիրքորոշում ունեցողներ կան` ընդհուպ մինչև զենքով դիմադրություն, և երկրի նախագահը, ով էլ նա լինի, չի կարող միայնակ ինչ-որ ստվերային համաձայնություն ձեռք բերել տարածքային զիջումների վերաբերյալ: Համենայն դեպս` երկրի ղեկավարն այժմ բոլոր բանակցությունների ժամանակ այդ արգումենտը կարող է բերել, և անգամ ռուսական փորձագիտական շրջանակներից խոստովանում են, որ եթե ռուս բանակցողները հույս ունեին հարցը լուծման բերել, կամ իսկապես կար լուծման ռուսական տարբերակ` հայկական զիջումներով սեփական տնտեսաքաղաքական շահը սպասարկելով, ապա դա այլևս տեղի չի ունենա գոնե որոշ ժամանակ: Երկրորդ օգուտը, որ «Սասնա ծռերը» տվել են երկրի ղեկավարին, այն է, որ քաղաքական ուժերը, այդ թվում նրա հենարան ՀՀԿ-ն, ընդհանրապես փոշիացրին այդպիսին համարվելու հնարավորությունը` չիմանալով ինչպես պահել իրենց նոր իրավիճակում, իսկ մի մասն էլ ավելի մերկացավ` մասնակցելով ի պաշտպանություն «Սասնա ծռերի» բողոքին, բայց հետն էլ չկարողանալով թաքցնել սեփական շահի որոնումն այդ բոլորում: Կարելի է ասել` քաղաքական ուժերի առումով հասարակության աչքերը լրիվ և վերջնականապես բացվեցին: Նախագահը, եթե ավելի վաղ չէր կարողանում ազատվել ՀՀԿ-ի ներսում առաջացած կլաններից, այս դեպքերից հետո մի տեսակ քարտ-բլանշ ստացավ ուզած քայլին գնալու, քանի որ բոլորի համար պարզ է, որ հենց այդ կլանների անհամարժեքությունն է բերել այն վիճակի, որ մարդիկ արդեն զենքի դիմելով են ուզում բան փոխել: Մի խոսքով` նախագահի ձեռքերը, հիմա, կարելի է ասել, ընտրություններից առաջ ավելի ազատ են ուզածին գրողի ծոցն ուղարկելու, ինչն առաջ չէր կարողանում անել զանազան պարտավորությունների պատճառով: Ընդհանրապես` իր նշանակությունից զրկված և լռող քաղաքական դաշտի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են:
Դե իսկ «Սասնա ծռերի»` կառավարողներին տված նույն ուժգնության վնասը հանրահայտ է. այդ ինչ երկիր ու իշխանություն է, որտեղ հանգիստ կարող են գրավել ոստիկանության այն ծառայությունը, որի կոչումն է այդպիսի բաներ թույլ չտալ: Այդ երկիրն անվտանգության մարմիններ չունի՞: Իսկ եթե ու այն կասկածը հանկարծ ճիշտ լինի, որ իշխանության ինչ- որ թև, այնուամենայնիվ, տեղյակ է եղել կատարվածից, ապա ո՞ւմ է պետք այն իշխանությունը, որի ներսում երկու կամ երեք բևեռ կա: Այսինքն` իրականում երկրում երկիշխանություն կամ եռիշխանություն է, իսկ դա ավելի բացահայտվեց «Սասնա ծռերի» արածով: Ամեն դեպքում էպոսի թեման երկրորդ անգամ օգտագործող ինչ-որ կենտրոն, էպոսագետով առաջին անգամ վրիպելուց հետո, երկրորդ անգամ ավելի խորացավ... Էպոսի թեման օգտագործելը գայթակղիչ է թվացել, քանի որ հայ ժողովրդի համար այն աշխատող սյուժե է միշտ, ու իսկապես` մի պահ գուցե և աշխատեց` արագ ալիք բարձրացնելու իմաստով, բայց դետալները լավ չէին մտածված, այնպես որ նորից խոսելը Ցռան Վերգոյից, Թուր Կեծակիից և Քուռկիկ Ջալալիից` արդեն մաքուր բանահյուսության է վերածվում, որքան էլ «Էպոսային Հայքը, որ վաղն է գալու»` «ՍԾ»-ի փաստացի ղեկավար Վարուժան Ավետիսյանի ուղերձի այս խոսքն ականջահաճո լինի:
Եթե երկրի նախագահը ծանրութեթև անի բոլոր այս պլյուս-մինուսները, ապա միգուցե եզրակացնի, որ օգուտն ու վնասն այդպիսով բալանսի են եկել, ու մտածի «Սասնա ծռերին» խիստ չպատժելու իրավական հնարավորությունների մասին, իհարկե, իրապես բացահայտելով ոստիկաններից երեքի զոհվելու իրական հանգամանքները, սպանության հեղինակներին և հնարավորինս արդար դատավարություն կազմակերպելուն նպաստելով:
Չնայած «Ծռերի» պաշպանների զանազան միջնորդությունների մերժումները նման եզրահանգման համար տեղ չեն թողնում: Բացի այդ էլ` Հայաստանում ներելու կարողությունը ոչ թե ուժի նշան է համարվում, ինչպես որ սուրբգրային իրողություններն են սահմանել, այլ ընդհակառակը` թուլության: Համենայնդեպս` այդ դեպքում նաև վտանգ կա, որ պատմությունը կարող է կրկնվել: Բոլոր դեպքերում մտածելու բան կա այն առումով, որ «Սասնա ծռերի» դատավարությունն իր մեջ երկրի ապակայունացման լուրջ ռեսուրս է պարունակում, մինչդեռ Արցախի հարցի շուրջ արհեստականորեն, թե օբյեկտիվորեն ստեղծվող աղմուկը նախանշում է այլ հրամայականներ, ու նախ և առաջ երկրի ներսը կարգավորելու առումով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ