Տեսանյութ.Ադրբեջանն է սկսել Հայաստանի վրա հարձակումը.Մենք ազգայնամոլ չենք, մենք պաշտպանում ենք մեր գոյությունը
Մենք իրական խաղաղության կհասնենք միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ևս մեր քայլերին ընդառաջ քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը nման կարծիք է հայտնել բրիտանական BBC հեռուստաալիքի Hardtalk հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Երբ ես ստանձնեցի ՀՀ վարչապետի պաշտոնը, ես խաղաղության նոր բանաձև առաջարկեցի։ ԼՂ խնդրի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ–ի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով երբևէ բարձրաձայնել է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի հայ ու ադրբեջանցի ժողովուրդների համար։ Բայց Ադրբեջանի ղեկավարը ոչ մի քայլ չարեց իմ այս հայտարարությանն ընդառաջ»,– ասել է Փաշինյանը։
Հաղորդավարի դիտարկմանը, թե հուլիսի կեսերին հայկական ուժերը հրետակոծել են շփման գծի հատվածը, որի ընթացքում զոհվել է Ադրբեջանի 76-ամյա խաղաղ բնակիչը, ինչն էլ Ադրբեջանի պատասխան քայլերի պատճառ է դարձել, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ Ադրբեջանն է սկսել Հայաստանի վրա հարձակումը։
«Ադրբեջանի նախագահը երկար ժամանակ ռազմական հռետորաբանություն էր բանեցնում` հայտարարելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։ Այս հռետորաբանության արդյունքում Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվել է մի իրավիճակում, թե ինչպես բացատրի սեփական ժողովրդին` ինչու չկարողացավ հարցն ուժով լուծել»։
Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը ազգայնամոլական քաղաքականություն է վարում, Փաշինյանը նշել է, որ այդ կարծիքի հետ համաձայն չէ։ Փաշինյանն ընդգծել է, որ հայերը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում 90-ականներից եղել են հարվածի տակ։
«Մենք ազգայնամոլ չենք, մենք պաշտպանում ենք մեր գոյությունը։ Ղարաբաղի հայերը գոյության կռիվ են տալիս։ Հայաստանը պատրաստ է խաղաղության և վստահ է` ռազմական լուծում չկա ղարաբաղյան խնդրին», – նշել է նա։
Նույն հաղորդման շրջանակում նա պատասխանել է նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունների, Ռոբերտ Քոչարյանի և հեղափոխությունից հետո չարդարացված սպասելիքների մասին հարցերին։