Նոր մանրամասներ Երևանում հեռուստաաշտարակի մոտ խեղդամահ արված աղջկա գործից․ կասկածյալը հատել է հայ-իրանական սահմանը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 26-ամյա Սաթենիկ Հ․-ն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ՝ ՀՀ Քր.Օրի՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործում նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ որոնվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Համիդոեզա Սադեֆարադը, ով ժամանակավորապես բնակվել է Աջափնյակ վարչական շրջանում։
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ նա արդեն հատել է հայ-իրանական սահմանը:
SHAMSHYAN.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 17-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

