Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 օգոս 2020 14:15

Եթե որևէ կողմ անցնի կարմիր գիծը, ապա շատ արագ այդ լարվածությունը կվերածվի ռազմական գործողությունների

«Եթե որևէ կողմ անցնի կարմիր գիծը, ապա շատ արագ այդ լարվածությունը կվերածվի ռազմական գործողությունների»,- մամուլի ասուլիսում հայտարարեց ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Միջերկրական ծովում Հունաստանի և Թուրքիայի լարված հարաբերություններին: Ըստ բանախոսի, կարմիր գիծը  կապված է Կրետե կղզու հետ, եթե թուրքական նավերը չափից շատ մոտենան կղզուն, ապա այն կնշանակի ռազմական գործողությունների սկիզբ:


Ակադեմիկոսի խոսքով, լարվածության պատճառը ծովի հատակում առկա էներգակիրների մեծ պաշարներին տիրանալու ձգտումն է: Այդ գործընթացներում ներգրավված են Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը, Եգիպտոսը, Իսրայելը, Լիբիան: Խնդրի վերաբերյալ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն: Սաֆրաստյանը համոզված է, որ Լիբիայում նույնպես պայքար է գնում էներգակիրների համար, որտեղ կրկին ակտիվ է Թուրքիան:


Սաֆրաստյանի դիտարկմամբ, Թուրքիան միտումնավոր սադրում է Հունաստանին և Կիպրոսին: Որպես փաստարկ նա բերեց 2010 թվականին Թուրքիայի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպաների կողմից պատրաստած գաղտնի փաստաթղթի բացահայտման դեպքը: Այդ փաստաթղթով նախատեսվում էր այն ծրագիրը, որը, ըստ բանախոսի, հիմա իրականացնում է Թուրքիան՝ չնայած դրա առնչությամբ դատական գործ էր հարուցվել և սպաներին մեղադրել էին առանց ԶՈՒ ղեկավարության նման փաստաթուղթ ստեղծելու մեջ: Ակադեմիկոսը հայտնեց, որ այդ փաստաթղթի համաձայն՝ Թուրքիան պետք է քաղաքացիական ուժեր օգտագործեր հունական կողմին սադրելու համար, նաև՝ Հունաստանի ջրային տարածքներ ձկնորսներ ուղարկելով, ինչը և ներկայում անում է: 


Դիտարկելով խնդիրը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ նախօրեին Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը հայտարարեցին, որ պաշտպանում են ԵՄ անդամ պետություններին (Հունաստանին և Կիպրոսին): Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիային քննադատում է նաև ԱՄՆ-ը, որն այս տարածաշրջանում արդեն  տեղակայել է խոշոր ռազմանավ և օդուժ:


Արևելագիտության ինստիտուտի տնօրենը գտնում է, որ Թուրքիայի գործողությունները չի պաշտպանում նաև ՆԱՏՕ-ն՝ չնայած ֆրանսիական և թուրքական ռազմանավերի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ վերջինս չքննադատեց Թուրքիային, որը դրա ակնհայտ մեղավորն էր: Դրան հետևեց Մակրոնի հայտարարությունը. «ՆԱՏՕ-ի ուղեղը հիվանդ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր