Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

25 օգոս 2020 12:35

Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու համար

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:
Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:


Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:


Նախատեսվում է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարել, որով սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:


Այսպիսով․


1․ Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է:


2. Աշխարհազորի նպատակներն են՝


1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.


2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:


3. Աշխարհազորի կիրառումը ներառում է՝
1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.
2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ.
3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.
4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.
5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:


4. Աշխարհազորի համակարգը գործում է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած է զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: Աշխարհազորի կառուցվածքը, պատրաստության և կիրառման պլանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով:


5. Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:


6. Աշխարհազորային զորամիավորման ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:


7. Աշխարհազորային բրիգադի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ Երևան քաղաքի վարչական շրջաններում՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:


8. Աշխարհազորային գումարտակի ղեկավարը (հրամանատարը) խաղաղ և պատերազմի ժամանակ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է:


9. Սույն հոդվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված՝ խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:


10. Աշխարհազորային պայմանական բրիդադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով (այսուհետ նաև՝ աշխարազորայինի հավաքագրում) տարածքային սկզբունքով իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումները՝ պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ համապատասխան համայնքում (Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:


11. Աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ՝
1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.
2) ով հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,
3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:


12. Հավաքագրված աշխարհազորայինների անվանացուցակները և կնքված պայմանագրերը ներկայացվում են աշխարհազորային շտաբ: Աշխարհազորայինին ամրակցվում է զենք, հատկացվում է համազգեստ և աշխարհազորայինը նշանակվում է համապատասխան պաշտոնի՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխարհազորայիններին հատկացվող համազգեստի նկարագիրը և տարբերանշանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:


13. Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվում է պատրաստության պլանների համաձայն անցկացվող պարապմունքների և վարժանքների միջոցով՝ աշխարհազորային շտաբի ղեկավարի (պետի) հրամանով: Աշխատող աշխարհազորայինների պատրաստության և կիրառման գործընթացի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով՝ զինծառայողների համար սահմանված կարգով:


««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն, քաղաքապետի տեղակալը Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Քաղաքապետի տեղակալի կողմից Երևան քաղաքի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն։


Պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը.
1) ապահովում է Երևան քաղաքի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով՝ Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:


Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:


««Տարածքային կառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն, մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Մարզպետի տեղակալի կողմից մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:


Քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների կողմից համապատասխան համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:


Իրավաբան.net


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր