Փրկարարները դուրս բերեցին Երևանում պայթած շենքի փլատակների տակ մնացած բնակչի դիակը
![](https://hayacq.com/uploads/posts/2018-02/1519117514_71.jpg)
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Ցավոք, ունենք մեկ զոհ»,- ասաց նա։
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել էր քառահարկ պանելային շենքը, մասնավորապես՝ նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի տեղեկություններով՝ դուրս բերված քաղաքացին 56 -ամյա տղամարդ է, շենքի երկրորդ հարկի բնակիչ է։ Լրագրողների հետ զրույցում նախարարը ենթադրել էր, որ պայթյունի պահին բնակիչը քնած է եղել։ Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 7:00-ի սահմաններում։ Հարևանների տեղեկություններով՝ փլատակներից դուրս բերված քաղաքացու անունն Արայիկ է կամ Արթուր. հաստատ չգիտեն, որովհետև շենքում նոր էր սկսել բնակվել։
Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է դարձել։ ԱԻ նախարարի խոսքով՝ վերջնական պատասխանը կունենան միայն հետաքննության ավարտից հետո, նրա խոսքով գործով զբաղվում է Ոստիկանության քննչական վարչությունը։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։
Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից
Նախնական տվյալներով՝ փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։Փլատակների տակից դուրս բերված երկու քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրանցից մեկը՝ 71-ամյա Սվետլանա Ս․-ն այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։ Մյուս տուժածը 41-ամյա Էդգար Մ.-ն է. առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
ԱՆ խոսնակի հաղորդմամբ՝ այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը պայթյունի վայրում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Ռայնիսի փողոցում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցուցաբերում քաղաքացիներին:
Դեպքի վայրում աշխատում են Sputnik Արմենիայի թղթակիցները։ Նրանց հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է հարևանությամբ գտնվող առանձնատան վրա։ Ուժգին պայթյունի ալիքը վնասել է նաև հարևան բնակելի շենքը։