Բաքուն Զախարովայի «նկատողությունից» հետո խմբագրել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի պատասխանը

Հաղորդվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված տեքստում նշվել է, որ Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար «խոչընդոտ» է անվանել։
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում կողմ է հանդես գալիս Ադրբեջանին հինգ գրավյալ շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը և տրանսպորտահաղորդակցային համակարգի վերականգնմանը»,- խորհրդարանի կայքում հրապարակված տեքստի համաձայն՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը՝ խորհուրդ տալով «որպես ճշմարտություն ընդունել բացառապես Մոսկվայի դիրքորոշումը, այլ ոչ թե այլ մեկնաբանություններ»:
«Ինչ վերաբերում է նախարար Լավրովի մեջբերումների ճշգրտությանը, ապա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ հարցին և սկզբունքորեն այդ հարցերն ուղղել այն աղբյուրներին, որոնք տարածել են այդ տեղեկատվությունը»,- ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշում է աղբյուրը, Զախարովայի խոսքերից հետո Ադրբեջանի խորհրդարանի կայքում հաղորդագրության տեքստը խմբագրվել է։ Լավրովի խոսքերն էական փոփոխության են ենթարկվել։ Փաշինյանի հիշատակումը, «հինգ գրավյալ շրջանների վերադարձի» և «խաղաղապահների տեղակայման» մասին խոսքերն առասարակ խմբագրվել են։
«Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը և ջանք չի խնայում այդ ոլորտում։ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության վերջնական տարբերակում։