Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին          Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»       Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»    

03 հոկ 2020 11:46

Կոչ Կովկասի բնիկ ժողովուրդներին. այս պատերազմը նաև ձեր դեմ է ուղղված,կողք մի՛ քաշվեք, ոտքի՛ ելեք

Հանրային խորհուրդը եռալեզու կոչ է հրապարակել՝ ուղղված մերձկասպյան և հարավ-արևելյան Կովկասի բնիկ ժողովուրդներին։


«Սիրելի՛ եղբայրներ,


Լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ և շահդաղներ, մերձկասպյան և հարավ-արևելյան Կովկասի բոլոր ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչներ,


Այս պատմական պահին մենք դիմում ենք ձեզ՝ մեր հինավուրց հարևաններին, որպես եղբայրների, որովհետև վստահ ենք, որ այս հողի վրա ապրող բոլոր բնիկներիս միավորում է ընդհանուր հերոսական պատմությունը, բարիդրացիության փորձը, մղումներն ու պատվի և արժանապատվության համընդհանուր ընկալումը:


Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ու այսօր էլ ընթացող պատերազմը միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ չէ, թեև դրա ողջ բեռը կրում է հայ զինվորն ու հայ ժողովուրդը, այն մերձկասպյան և հարավ-արևելյան Կովկասի բնիկ ժողովուրդների հայրենի հողի վրա ստեղծված ագրեսոր պետության պատերազմն է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի դեմ և միտված այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի բացարձակ գերակայության հաստատմանը: Ցեղասպան քաղաքականությամբ այդ երկու պետությունները, որոնք հետևողականորեն ոչնչացրել են այլ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրենց պատմական հայրենիքում, յուրացրել են գործնականում բոլոր հարևանների ոչ միայն հողերը, այլ նաև պատմությունը և մշակութային  ժառանգությունը, չեն թաքցնում իրենց մտադրությունները։


Հանցագործ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմը ձեր պատերազմը չէ, ավելին՝ այն նաև ձեր դեմ է ուղղված:


Ձեր ժողովուրդների բազմաթիվ ներկայացուցիչներ, իրենց կամքին հակառակ ենթարկվելով հանցագործ իշխանությունների հարկադրանքին, հայտնվել են հայերի դեմ կռվող ահաբեկիչների շարքերում՝ քաջ գիտակցելով, որ դրանով ամրացնում են այն նվաստացուցիչ շղթաները, որոնք ձեզ տասնամյակներով պահել են մշակութային, ազգային, քաղաքական և իրավական ստրկության մեջ:


Ժամանակին Արցախի ազատությունն ու անկախությունը պաշտպանած հայոց հաղթական բանակն այսօր էլ ձախողել է ագրեսորի ծրագրերն ու նրան  վռնդել բոլոր ճակատներից: Մենք չենք կասկածում, որ այս անգամ էլ լիարժեք և անվերապահ հաղթանակը մերն է լինելու:


Մեր հաղթանակը տարածաշրջանի բոլոր ավտոխտոն շրջաններին կընձեռի թուրքական ատելի լծից ազատվելու բացառիկ հնարավորություն: Մենք կոչ ենք անում ձեզ՝ եղբայրներ և քույրեր՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ և շահդաղներ, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց հպարտ ժողովուրդների ապագայի հանդեպ՝ օգտվել այս հիրավի պատմական պահից: Այն կարող է դառնալ ձեր ժողովուրդների նոր, ազատ և փառավոր պատմության ու մեր պատմական բարեկամության մի նոր սկիզբ:


Կողք մի՛ քաշվեք։ Ոտքի՛ ելեք։ Թոթափե՛ք տասնամյակներ շարունակվող ատելի ու նվաստացուցիչ լուծը, որը միայն ողբերգությունների ֆիզիկական ոչնչացման է հանգեցրել։ Վա՛յր դրեք զենքը, մի՛ ենթարկվեք հանցավոր մարդատյաց վարչակարգի պարտադրանքներին։


Միացե՛ք ձեր ժողովուրդներին հալածող և մեր չքնաղ տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը խոչընդոտող ագրեսորի դեմ պայքարին: Թող որ սեփական ազատությունը պաշտպանած արցախցիները ձեզ օրինակ լինեն. նրանց այսօրվա ճակատամարտը կարող է որոշիչ լինել նաև ձեզ համար:


Միացե՛ք հայ եղբայրների արդար պայքարին:


Ձեր պայքարով աջակցե՛ք մեր տարածաշրջանի ժողովուրդներին   բացառապես ավերներ բերած ուժից ազատվելու սուրբ գործին:


Մենք կասկած չունենք, որ մեզ՝ բոլորիս, խաղաղ և ստեղծագործ ապագա է սպասվում: Աստված մեզ օգնական:


Հաղթանակը մերն է լինելու»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր