ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

19 հոկ 2020 12:14

Ում է պաշտպանում Իրանը Ղարաբաղյան հակամարտությունում.Թեհրանը սպառնում է, որ այլևս չի հանդուրժի իր տարածքի հրետակոծումը

Բաքվում և Երևանում չեն կարողանում հասկանալ, թե Իսլամական Հանրապետությունն ում կողմն է ավելի շատ հակված։ Հարավային Կովկասում Իրանի դերի մասին` ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Գալիա Իբրահիմովայի հոդվածում։

Բողոքի շեմին
«Զինված այս հակամարտությունը մեր շահերից չի բխում. Երևանը մեր հարևանն է, իսկ Բաքվի հետ մենք կապված ենք կրոնով, պատմությամբ ու մշակույթով», – հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։

Ղարաբաղում պատերազմն Իրանի վրա անդրադարձել է ոչ միայն դիվանագիտական մակարդակով, այլև բառացիորեն։ Արկերը թռչում են սահմանի վրայով և խուճապ առաջացնում տեղի բնակիչների շրջանում։
«Իրանն անտարբեր չի մնա, եթե զինված դիմակայությունը սպառնա մեզ», – ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն։

90-ականների սկզբից Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղ կարգավորման օգտին։ Թեհրանը դեմ է ադրբեջանական պաշտոնական սահմանների վերաձևմանը, սակայն կոչ է անում հաշվի առնել հայերի շահերը։ Իրանական դիվանագիտությունն ավանդաբար փոխգործակցել է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։

Պաշտոնյաների վերջին ելույթներն առաջին անգամ ցույց տվեցին Թեհրանի վերաբերմունքը հակամարտության ներկայիս փուլի նկատմամբ։ Ադրբեջանը կարծում է, որ Իրանը համաձայն է Բաքվի դիրքորոշման հետ։ Թեպետ Հայաստանն էլ այաթոլա Համենեի խորհրդականի ելույթում աջակցման խոսքեր լսեց։

Իրանի հյուսիսում մինչև 30 մլն էթնիկ ադրբեջանցի է ապրում, և Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հանդեպ նրանք անտարբեր չեն։  Երկար տարիներ նրանք կոչ են անում իշխանություններին չօգնել Հայաստանին, այդ է պատճառը, որ «ազատել օկուպացված տարածքները» արտահայտությունը ոգևորություն առաջացրեց։
Մարտական գործողությունների մեկնարկից հետո իրանաբնակ ադրբեջանցիները պահանջեցին փակել հայ–իրանական սահմանը։ Սակայն արձագանք չեղավ, թեև ինքը` այաթոլա Համենեին, էթնիկ ադրբեջանցի է։

Հարավ և հյուսիս
Իրանն աշխարհում միակ երկիրն է, որը սահման ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հետ։ Մինչև XIX դարը այդ հողերը պատկանել են Պարսկաստանին, այնուհետև անցել են Ռուսաստանի իրավասության տակ։

Կովկասի վերաձևումը բաժանեց ժողովուրդներին։ Տարածքի մեկ երրորդ մասը, որտեղ ադրբեջանցիներ էին բնակվում, հայտնվեց Ռուսական կայսրությունում, այնուհետև` ԽՍՀՄ–ում։ Տարածաշրջանը սկսեցին Հյուսիսային Ադրբեջան անվանել։ Իսկ նրանց, ովքեր Իրանում էին` հարավային ադրբեջանցիներ։

Ռուսական կայսրության անկումից հետո կովկասյան ժողովուրդները սեփական պետությունների ձևավորման հույս ունեին։  Սակայն խորհրդային իշխանությունը ծայրամասերն իր վերահսկողության տակ առավ և ազգային սոցիալիստական հանրապետություններ ստեղծեց։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում խորհրդային զորքը մտավ Իրան։ Դիտարկվում էր Հարավային և Հյուսիսային Ադրբեջանների միավորման տարբերակը, սակայն դա այդպես էլ չիրագործվեց։  80-ականների վերջին կրկին միավորման կոչեր հնչեցին` Թեհրանը դրանք կանխում էր։

1991 թվականին Ադրբեջանի անկախության հռչակմանը Իրանի իշխանությունները զուսպ արձագանքեցին։ Շնորհավորեցին «շիա եղբայրներին» ինքնիշխանության առիթով, սակայն ուժեղացրին վերահսկողությունը հյուսիսային շրջանների նկատմամբ։

Իրանին մտահոգում էր նաև ամերիկա–ադրբեջանական բարեկամությունը. գլխավոր թշնամու հետ հարևանի կապը Իսլամական Հանրապետությունը գնահատեց որպես պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգությանը։ Սակայն խոչընդոտել դրան Թեհրանը չէր կարող։

Սահմանների երկու կողմերում գտնվող ադրբեջանցիների մերձեցումը թույլ չտալու նպատակով Իրանի իշխանությունները երկար ժամանակ երկրի հյուսիսում հրաժարվում էին Ադրբեջանի Հանրապետության հյուպատոսություն բացել։ Բաքուն և Վաշինգտոնն իրենց հերթին ակտիվ քննարկում էին Կովկասում ռազմաբազաների տեղակայման, Կասպից ծովում  համատեղ նավթագազային հանքավայրերի մշակման ու զորավարժությունների անցկացման հարցերը։
Իրանին նյարդայնացնում են նաև ադրբեջանա–թուրքական սերտ հարաբերությունները։ Այաթոլաներին դուր չի գալիս այն, որ թուրքերը խոսում են պանթյուրքիզմի մասին, հաշվի չառնելով, որ ադրբեջանցիները շիաներ են։ Բացի այդ Անկարան ՆԱՏՕ–ի անդամ է, ինչը ևս չի ուրախացնում ԻԻՀ–ին։

Ուժերի և շահերի հավասարակշռություն
ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավային Կովկասում ուժերի դասավորվածությունն այդքան էլ չէր բավարարում Իրանի իշխանություններին, և նրանք սեփական օրակարգն առաջարկեցին։ Առաջին հերթին հանդես եկան որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդներ։

1992 թվականին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպեցին Թեհրանում և հաշտություն կնքեցին։  Սակայն բանակցությունները դեռ նոր էին ավարտվել, երբ հայ զինվորականները գրոհով վերցրին Շուշին։ Դրանից հետո Իրանը որոշ չափով հետ քաշվեց խնդրից։
Թեհրանում որոշ քաղաքական գործիչներ մտավախություն ունեին, որ հայերի պարտության դեպքում միավորման հարց կդնեն նաև իրանաբնակ ադրբեջանցիները։  Նման բան թույլ չտալու համար ԻԻՀ–ն Հայաստանին մարդասիրական և ֆինանսական օգնություն տրամադրեց։ Դիտորդները նույնիսկ խոսում էին հայ–իրանական սահմանով զենք տեղափոխելու մասին, սակայն իշխանությունները հերքում էին դա։

Թեհրանը չհրաժարվեց աջակցել Հայաստանին նույնիսկ Իլհամ Ալիևի բազմաթիվ այցերից ու փոխգործակցության մասին պայմանավորվածություններից հետո։  Բոլոր բողոքներին պատասխանում էին նրանով, որ Ադրբեջանը ռազմական ոլորտում համագործակցում է ԻԻՀ–ի անհաշտ թշնամու` Իսրայելի հետ։

Շփման գծում բախումներն ամեն անգամ Իրանում անկայունություն են հրահրում։

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին տեղի ունեցած սրացումը կրկին վրդովմունքի ալիք բարձրացրեց։

Թավրիզի, Ուրմիայի, Խոյի, Արդեբիլի ադրբեջանցիները սկսեցին սպառնալ զանգվածային ցույցեր անցկացնել, եթե իշխանությունները բացահայտ չսատարեն Բաքվին։

Հայրենասիրական լարվածություն
«Իրանաբնակ ադրբեջանցիների բողոքի ցույցերը զսպելու համար իշխանությունները ստիպված են արձագանքել։ Պետք է հասկանալ. օկուպացված տարածքների ազատմանն ուղղված Վելայաթիի կոչերը միտված են հիմնականում ներքին լսարանին։ Կարևոր է մարդկանց հանգստացնելը», – ասում է Կովկասի գծով ռուսաստանցի մասնագետ Նուրլան Հասիմովը։
Թեև փորձագետը կասկածում է, որ այդ հայտարարությունները բավարար են։

«Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմին սուր են արձագանքում իրանաբնակ երիտասարդ ադրբեջանցիները։ Ավագ սերնդին ներշնչում էին, որ հանուն Իսլամական հեղափոխության էթնիկ տարբերությունները պետք է երկրորդ պլան մղվեն, սակայն այսօր իրավիճակն այլ է։ Թավրիզի, Խոյի, Արդեբիլի երիտասարդությունը զգում է, որ իրենց թույլ չեն տալիս Բաքվի հետ ավելի սերտ փոխգործակցել, և դա նպաստում է դժգոհությունների ավելացմանը», – պարզաբանում է Հասիմովը։

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան դիմակայության սկզբից իրանաբնակ ադրբեջանցիները ցույցեր են անում ի աջակցություն Բաքվի։ Ամբոխը բազմիցս կանգնեցրել ու այրել է Հայաստանին ուղարկվող մարդասիրական օգնությամբ ավտոմեքենաները։ Այս փաստը մտահոգություն է առաջացրել Թեհրանում։

«Եթե իշխանությունները հստակ դիրքորոշում չձևավորեն, իրանական ազգի միասնության հարցը լուրջ գլխացավանք կդառնա։ Այդպիսով, Լեռնային Ղարաբաղը կարելի է Իրանի ներքաղաքական կայունության գործոն անվանել», – եզրակացնում է Հասիմովը։

Թյուրքերն ու օսմանները
ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինը հիշեցնում է. Իրանում մեծ հայկական համայնք կա։

«Շուրջ 200 հազար հայ լավ ինտեգրված են իրանական հասարակության մեջ և պետական կառավարման համակարգում բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Հաշվի առնելով աշխարհում սփյուռքի ազդեցիկությունը, իրանցիները հաճախ են նրանց միջոցով լոբբինգ անում Արևմուտքի հետ շփումներում։ Հայերի դեմ հանդես գալը Թեհրանին ձեռնտու չէ», – կարծում է Սաժինը։
Երևանից քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը նույն կարծիքին է։ «Եթե Իրանը ադրբեջանամետ դիրք ընտրեր, ապա առաջին հերթին կփակեր հայ–իրանական սահմանները։  Այսօր, արցախյան դիմակայության և դեպի Հայաստան ռազմական տարանցումների վրաստանյան արգելքի պայմաններում, Իրանի հետ սահմանը հատկապես կարևոր է», – ընդգծել է փորձագետը։

Ըստ նրա` Թեհրանը արցախյան հակամարտության վրա ազդելու ավելի քիչ լծակներ ունի, քան Մոսկվան կամ Անկարան։ Միևնույն ժամանակ Խալաթյանը վստահ է. ԻԻՀ–ն կշարունակի ազդել Կովկասում տիրող իրավիճակի վրա, քանի որ դրանից է կախված Իրանի հյուսիսային սահմանների դրությունը։

Սաժինը հավելում է, որ հիմա Բաքվի կողմից հանդես գալ կնշանակի ուժեղացնել պանթյուրքական տրամադրությունները։  Փորձագետը կասկածում է, որ Թեհրանը կգնա այդ քայլին. նույնիսկ ներկայիս լարվածության պայմաններում երկրի իշխանությունները հավասարակշռություն են պահպանելու և փնտրելու են սեփական շահը։ Իրանն առաջին հերթին սեփական շահերն է պահպանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր