Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

05 նոյ 2020 17:38

Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի.նա ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է

Միջազգային հանրությունը ձախողել է՝ թույլ տալով Թուրքիային ունենալ այն վարքագիծը, որը կա այսօր։ Նման հայտարարություն է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Նրանց (Թուրքիային,–խմբ.) չկանգնեցրին Սիրիայում, Իրաքում, այժմ արդեն՝ Լիբանանի հյուսիսում: Նրանց չկանգնեցրին Միջերկրական ծովի արևելքում, չկանգնեցրին, երբ նրանք խախտեցին Կիպրոսի տարածքային ամբողջականությունը՝ գրավելով դրա կեսը: Նրանք խախտել են Իրաքի, Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ այժմ եկել ու խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Հենց սա է, որ միջազգային հանրությունն անտեսում է, չի ցանկանում նկատել: Ինչպե՞ս կարող ես ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր, որը նման վարքագիծ է դրսևորում: Ինչպե՞ս կարող ես բանակցել մի պետության հետ, որը հայտարարում է ԵՄ անդամ դառնալու ցանկության մասին, սակայն նրա գործողություններն ամբողջովին հակասում են եվրոպական բոլոր արժեքներին»,–ասել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ միջազգային հանրությունը բավականաչափ վճռականորեն չի արձագանքում բռնկված պատերազմին: Նա ասում է, որ աշխարհի առաջնորդները թերագնահատում են Թուրքիայի դերը հակամարտությունում: Նախագահ Սարգսյանն ընդգծում է, որ եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին։
«Այստեղ խնդիրը թուրքական սարքավորումներն են, թուրքական ժամանակակից ԱԹՍ-ները, տեխնոլոգիաները, F-16 կործանիչները, ուսուցում անցած զինվորները, հրահանգիչները, սպաները, գեներալները, ովքեր, ըստ էության, ղեկավարում են գործողությունները: Մենք բոլորս գիտենք, որ Թուրքիան ունի աշխարհի ամենամեծ բանակներից մեկը, և դա աշխարհի ամենաագրեսիվ բանակներից է: Նրանք անդադար պատերազմի մեջ են՝ Իրաքում, Սիրիայում, հիմա էլ այստեղ: Կուզեի, որ միջազգային հանրությունը գործեր ավելի արագ, իրական ճնշում գործադրեր Թուրքիայի վրա, քանի որ այդ երկիրն անկայունության աղբյուր է: Թուրքիան է, որ Ադրբեջանին թույլ չի տալիս համաձայնել հրադադարի, Թուրքիան է ցանկանում շարունակել հակամարտությունը, քանի որ որքան այն երկար շարունակվի այնքան ինքն ավելի խոր ներկայություն կհաստատի Ադրբեջանում»,–ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիան, իր ներկայիս ղեկավարությամբ, փորձում է ռազմական եղանակով իր ազդեցությունը տարածել, այս անգամ արդեն՝ Հարավային Կովկասում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր