Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 դեկ 2020 15:13

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերից ով ասես չի օգտվել, հատկացված գումարներից ՊՆ շենքն են բարեկարգել. «Հրապարակ»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարների ճակատագիրը հանրության համար շարունակում է անհայտ մնալ. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ կառավարությանը փոխանցված գումարների վերաբերյալ «հստակ, մանրամասն ու թափանցիկ» հաշվետվություն տալու պահանջը մինչ այս պահը չի կատարվել, հաղորդում է Hraparak.am-ը:


ՀՀ նախագահի աշխատակազմից «Հրապարակին» պատասխանեցին, որ կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի տնօրինությանը, իսկ վերջինս՝ հոգաբարձուների խորհրդին, բայց այս պահի դրությամբ որեւէ հաշվետվություն չի ստացել։




Կայքի տրամադրության տակ են հայտնվել ֆինանսական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնել, թե ինչպես է կառավարությունը տնօրինել հիմնադրամից ստացված գումարները: Ըստ այդ փաստաթղթերի՝ ընդհանուր առմամբ, մոտ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը «Հայաստան» համահայկականից: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Նկատենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի նշած գումարն ավելի փոքր էր՝ 52,7 մլրդ:


Ֆինանսական աղյուսակներն ուսումնասիրելով՝ հայտնաբերեցինք, որ ով ասես չի օգտվել հիմնադրամի հատկացրած գումարներից: Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: Հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: Այս հատկացումը կատարվել է հոկտեմբերի 11-ին: Զարմանալի է, որ այդ օրերին վարչապետի աշխատակազմի համար փոստային առաքումների արդիականացումն է եղել ամենակարեւոր հարցը:


«Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է արտաքին գործերի  նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար: Ենթադրվում է, որ պատերազմի օրերին պետք է քարոզչություն իրականացրած լինեն՝ հօգուտ հայկական դիրքորոշման, կամ նման աշխատանք։ Առաջին չափաբաժինը տրվել է ռուսական ռուբլով, ինչը նշանակում է, որ Մոսկվա կատարված այցերը եւս ֆինանսավորվել են հիմնադրամի միջոցներից: Ինչո՞ւ ԱԳՆ-ն նման գործունեության համար չի օգտվել 2020 թվականի բյուջեով իրեն հասանելիք գումարներից, այլ լրացուցիչ փող է վերցրել: ԱԳՆ-ից բացատրություն ստանալ չհաջողվեց:


Գումարի առյուծի բաժինը, իհարկե, ստացել է պաշտպանության նախարարությունը, ինչը հասկանալի է: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5  մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով:


Սակայն այս հարցում էլ ամեն ինչ  հարթ չէ․ այդ գումարների ոչ ամբողջն է հատկացվել զենք-զինամթերք ձեռք բերելուն: Եթե հավատանք մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերին, պատերազմի թեժ պահին ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: Սրանք, ինչպես հայտնի է, այն հոդվածներն են, որոնք գործնականում չբացահայտվող յուրացումների մեծ հնարավորություն են տալիս: Շինարարական կարիքների համար մեկ ամսում նախարարությունը մի քանի անգամ է գումար ստացել՝ 14 մլրդ 636 մլն 270 հազար, 363 մլն եւ 19 մլրդ 308 մլն դրամ: 


Բարձրտեխնոլոգիական արդ- յունաբերության նախարարությունն էլ, որի ղեկավարը վարչապետի սիրելի Հակոբ Արշակյանն է, կառավարությունից երեք անգամ գումար է ստացել՝ 2,5 մլրդ, 517 մլն 345 հազար եւ 166 մլն 372 հազար դրամ, որը փոխանցվել է հիմնադրամից: Որպես նպատակ՝ նշված է ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը: 966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար:


Սփյուռքի մեր հայրենակիցները, իրենց բերանից կտրելով, պատերազմող Հայաստանին միջոցներ էին ուղարկում հաղթանակի, վիրավորներին օգնելու, զինվելու համար, իսկ մեր վարչապետն այդ փողերը, փաստորեն, քամուն է տվել՝ տնօրինելով բացառապես իր հայեցողությամբ: Մեր հայրենակիցների նվիրաբերություններից անգամ պետական պահպանության ծառայությունն է երեք անգամ գումար ստացել: Նոյեմբերի 5-ին այս ծառայությունը երկու հատկացում  է ստացել՝ 420 հազար եւ 720 հազար դոլար, իսկ հոկտեմբերի 16-ին՝ 693 մլն դրամ: Ինչի՞ համար: Վարչապետի գրասենյակից մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի վերաբերյալ որեւէ պարզաբանում չստացանք: Նրա խոսնակը չպատասխանեց մեր զանգերին:


ՀԳ. Մնում է հիշեցնել, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների եւ այլն: Իսկ «Հայաստան» հիմնադրամի կանոնադրության 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը խախտում է «Հիմնադրամների մասին» օրենքը՝ անձնական հայեցողությամբ ծախսելով «Հայաստան» համահայկականի փողերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր