Թվում էր՝ հրադադարից հետո մղձավանջը կավարտվի...մինչդեռ Ալիևն ու Էրդողանը ապրում են իրենց անանձնական հրճվանքի մեկամսյակը.«Իրատես»

Մինչ միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Բաքուն կորցրել է ինքնիշխանությունը՝ կեսը զիջելով Անկարային, կեսը՝ Մոսկվային, նույնիսկ պետական հեղաշրջման կամ Ալիևի այլ տարբերակներով հեռացման կանխատեսումներ են անում, Իլհամ Հեյդարովիչն ու Ռեջեփ Թայիփովիչը իրենց հավերժական են զգում՝ բոլոր ճակատներում դարակազմիկ հաղթանակներից հետո: Նաև՝ մեր հաշվին: Թվում էր՝ հրադադարից հետո մղձավանջը կավարտվի, իրականում հրադադարի պայմաններն են մղձավանջ: Եթե տարածքների կորուստը հնարավոր է ժամանակի մեջ վերականգնել, մարդկային կորուստները անդառնալի են:
Բաքուն, Անկարան ու Մոսկվան, որ համահեղինակներն են հրադադարի հայտարարության, հնարավորն արել են, որ Արցախի ու Հայաստանի խնդիրները լինեն շարունակական: Գերիների փոխանակումը, դիերի տունդարձը, վիրավորների ապաքինումը տեսանելի ու անհապաղ լուծում պահանջող խնդիրներն են, բայց կա չորրորդ կենսականը՝ սահմանների հարցը, որ ի հայտ է բերում փաստը՝ Հայաստանը չունի իշխանություն, որը ի վիճակի է զբաղվել այդ հարցով:
Մեր սահմանները թելադրում են ադրբեջանցիները՝ փորձելով պոկել՝ որտեղ ինչ կարող են: Նիկոլ Փաշինյանը, կարծես, հարցից տեղյակ չէ, Սուրեն Պապիկյանը՝ նույնպես, նախագահ Արմեն Սարգսյանը դիմում է Պուտինին: Մենք վերադարձել ենք այն ժամանակներին, երբ չունեինք բանակ՝ պատերազմն Արցախում ու Հայաստանի սահմանների պաշտպանությունը ֆիդայական ջոկատների հույսին էր: Հիմիկվա ֆիդայիները գյուղապետերն են՝ իրենց ջոկատներով: Կա՞ ուժեղ գյուղապետ՝ գյուղը կպահի արոտավայրերը, տարածքներ չի զիջի, չկա՞՝ կնահանջի՝ ինչքան պահանջեն ադրբեջանցիները: Մինչդեռ երկրների սահմանների դելիմիտացիան տարիներով քննարկվող խնդիր է, որտեղ ոչ թե խորհրդավոր GPS-ներն են թելադրողը, այլ պատմական փաստաթղթերը, քարտեզներն ու բանակցությունները: Բայց մենք չունենք բանակցող…
Ավելին՝ բացի նախագահից, մենք չունենք լեգիտիմ իշխանություն: Նոյեմբերի 10-ին մի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանը ջնջեց լեգիտիմության պատմությունը, քաղաքական դաշտից դուրս դնելով ԱԺ գերմեծամասնությանը՝ 88 պատգամավոր: Իրավիճակի առանձնահատկությունն է, որ նույնիսկ եթե հիմա ձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ անգամ ազգային համաձայնության, նույնպես չի կարող լեգիտիմ լինել՝ խորհրդարանական մոդելով իշխանությունը ձևավորում են ընտրությունները:
Մենք հայտնվել ենք ժամանակից դուրս՝ ժամանակի մեջ, երբ որևէ քաղաքական ուժ, որևէ պաշտոնյա, բացի նախագահից, չի կարող համարվել լեգիտիմ, հետևաբար՝ նրա հետ բանակցելը իմաստ չունի:
Հարկավ, դեկտեմբերի 8-ին, ժամը 12-ին Նիկոլ Փաշինյանը չարտաբերեց իրենից ակնկալվող հրաժարականի երկար կամ կարճ տեքստը: Բարեբախտաբար՝ դեկտեմբերի 8-ին ու մինչև օրս քաղաքացիական անհնազանդության ակցիաները չվերաճեցին ցուցարարներ-ոստիկանություն լուրջ բախումների: Բայց այդ հեռանկարը ոչինչ չի երաշխավորում: Իշխանությունը թույլ է, փողոց դուրս եկած ընդդիմադիրները ուժեղ չեն՝ իրավիճակ փոխելու համար: Կշեռքի նժարը այս կամ այն կողմը թեքելու համար փողոց դուրս չի գալիս ժողովուրդը: Ոչ այն պատճառով, որ վախենում է կորոնավիրուսից, ծեծ ուտելուց կամ նորից սխալվելուց:
Իմաստ չի տեսնում, փողոցով իշխանության եկած իշխանությանը փողոցով հեռացնելը պետությունը կազմաքանդելու ու ապագա որևէ իշխանության լեգիտիմությունը փողոցով հերքելու այս ճանապարհը ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի ինքնիշխանությանը ու գոյությանը ընդհանրապես: Օրեցօր ակնհայտ է դառնում, որ թեև ՀՀ 4 նախագահները, 2 կաթողիկոսները, 17+5 քաղաքական ուժերը, համայնքապետեր ու քաղաքապետեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հարվածը առաջացնում է հակահարված՝ ֆիզիկայի օրենքով: Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարմանը դեմ լինելով՝ հասարակությունը կիսվել է երկու մասի. մի մասը ասում է՝ այստեղ ու հիմա, մի մասը՝ այստեղ ու հետո: Ինչու՞: Ամբողջ խնդիրը հանգում է արտահերթ ընտրությունների կազմակերպմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: