Կորոնավիրուսը կդառնա էնդեմիկ ամբողջ աշխարհում.պատվաստանյութը, անկախ իր արդյունավետությունից, չի երաշխավորում վիրուսի ամբողջական անհետացում
Կորոնավիրուսն ուզում է էնդեմիկ դառնալ ամբողջ աշխարհում: Այսպիսի կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ, պրոֆեսոր Դեւիդ Հեյմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ըստ ամենայնի՝ COVID-19-ը կդառնա էնդեմիկ, ինչպես մարդու մյուս չորս կորոնավիրուսները: Այն կշարունակի մուտացիայի ենթարկվել մարդու բջիջներում բազմացմանը զուգընթաց, հատկապես ավելի շատ տարածում ունեցող վայրերում: Մարդկությունը կյանքեր փրկելու գործիքներ ունի: Լավ հանրային առողջության հետ համատեղ՝ դրանք հնարավորություն կտան մարդկանց սովորել, թե ինչպես ապրել այս վիրուսի հետ»,- ասել է Հեյմանը:
ԱՀԿ ներկայացուցիչ Մարկ Ռայանը նույնպես կարծում է, որ նոր կորոնավիրուսը էնդեմիկ կլինի:
«Հավանական սցենարն այն է, որ վիրուսը կդառնա եւս մեկ էնդեմիկ հիվանդություն, որը կմնա մի տեսակ սպառնալիք, բայց շատ ցածր մակարդակի սպառնալիք՝ արդյունավետ պատվաստումների գլոբալ ծրագրի շրջանակներում»,- ասել է նա:
Մասնագետի խոսքով՝ պատվաստանյութը, անկախ դրա արդյունավետությունից, չի երաշխավորում վիրուսի ամբողջական անհետացում:
Ավելին, փորձագետները ենթադրում են, որ հաջորդ համավարակն ընթացիկից ավելի վտանգավոր կլինի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսը վարակել է ավելի քան 81 միլիոն մարդու եւ սպանել է ավելի քան 1,7 միլիոն մարդու: