Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

09 հուն 2021 11:13

Արդեն շատ շուտով կունենանք կարոտակեզ երգեր և բանաստեղծություններ կորցրած հողերի մասին, արդյո՞ք արժանի էինք սրան

Արդեն շատ շուտով կունենանք կարոտակեզ երգեր և բանաստեղծություններ երբեմնի անմատչելի Արցախի, հզոր Մեղրիի, չքնաղ Շուռնուխի, անսպառ Սոթքի և մյուս բոլոր կորցրած հողերի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։


«Արդեն շատ շուտով կունենանք կարոտակեզ երգեր և բանաստեղծություններ երբեմնի անմատչելի Արցախի, հզոր Մեղրիի, չքնաղ Շուռնուխի, անսպառ Սոթքի և մյուս բոլոր կորցրած հողերի մասին։


Շուրջ 3 տարի իրավական հանրությունը անընդհատ մեկնաբանում է, դնում է սահմանադրականության, հակաիրավականության խնդիրներ, սակայն գործող իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը արհամարհում են այդ ամենը։ Այլասերված ժողովրդավարության ռեժիմի պայմաններում իրավունքը և իրավական լուծումները համար մեկ թշնամին են իշխող դասակարգի համար։ Կառավարման այս մոդելում կարևոր չեն Սահմանադրությունը, օրենքները իրավականությունը, կարևոր են ականջահաճո, ամբոխավարական տեքստերը։


Ցավոք, մեր օրերում այս թեզերը ստացան պրակտիկ հիմնավորում։


Ունենք Սահմանադրություն, ռատիֆիկացված միջազգային պայմանագրեր, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործուն մեթոդներ, եվ, ի վերջո, իրավական հզոր միտք։ Այս ամենը, առնվազն, բավարար էին երկրի առջև ծառացած խնդիրներին իրավական արահետների կիրառմամբ լուծում գտնելու և նվաստացուցիչ պայմանագրի տակից դուրս գալու կամ այն նվազ նվաստացուցիչ դարձնելու համար։


Սակայն, կասկածելի պարտությունից հետո, իշխանական խմբավորման պարագլուխը ստորագրեց նվաստացուցիչ պայմանագիր, և մանրածախ առևտրի միջոցով վատնեց երկրի սահմանները` առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Այսպես կարող էր վարվել միայն օտար շահեր սպասարկողը։


Մենք սովոր ենք կորցնելուց հետո բանահյուսություն ձևավորել։


Համադրելով իրավիճակը հասարակության անգործության հետ` կարող ենք արձանագրել, որ սրան մենք արժանի ենք։ Սա շատ է նման վերջաբանի։ Կայծակնային արագությամբ ընթացող գլոբալիզացիան և կոսմոպոլիտ շահերի բախման կենտրոնում հայտնվել ենք դեղին մամուլի խմբագրի ղեկավարությամբ (ով գուցեև բերվել է իշխանության հենց կոսմոպոլիտների թույլտվությամբ), ով, ինչպես կասեր մեր օրերի դասականը` չի ղեկավարել անգամ փոքր կոլխոզ։
Գուցե սա մեր պետականության վերջին օրերն են, գուցե մեզանից պահանջվի ևս մեկ հազարամյակ այն վերգտնելու համար։ Իսկ ի՞նչ է անում հասարակությունը. հասարակությունը անգործության է դիմել։ Եզրակացությունը մեկն է` արժանի ենք այն հետևանքներին, որոնք գուցե հունվարի 11-ին, գուցե 24-ին, գուցե մյուս տարի սպասում են մեզ։


Ափսոս էին տղերքը, նրանք գնացին հանուն գաղափարի, իսկ գերագույն գլխավոր խմբագիրը մսխում է անգամ այդ գաղափարը, որը ապրեցնում է կորուստ գրանցած օջախներին։
Ամեն հասարակություն ունի այն հանցագործներին, որոնց նա արժանի է...»,- գրել է Կոչուբաևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր