ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

15 հուն 2021 15:54

Կաշառք, խաբեություն, և սա դեռ ամենը չէ. Վերմիշյանի անհավանական արկածները նախկին պաշտոնում

ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործի նախաքննությունից։
Պարզվել է, որ Վերմիշյանը իր մտերիմ Ն․ Չ․-ի անվամբ հիմնադրել է ճարտարապետական գործունեությամբ զբաղվող առևտրային կազմակերպություն, մասնակցել դրա կառավարմանը, կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրել:

Վերմիշյանն ուղղորդել է շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին գործարքներ կնքել իր առևտրային կազմակերպության հետ, ինչի արդյունքում կազմակերպության հետ կնքվել են ավելի քան 27 մլն դրամի գործարքներ, որոնց կատարման արդյունքում ստացված ֆինանսական միջոցները Վերմիշյանը և Ն․ Չ․-ն տնօրինել են համատեղ։
Նա նաև հանձնարարել է Ն. Չ.-ին աշխատանքի ընդունել Քաղաքաշինության կոմիտեում, ազատել նրան ծառայողական պարտականությունների կատարումից և Ն․ Չ․-ին պետության միջոցների հաշվին վճարել մոտ 1,5 մլն դրամ աշխատավարձ:

Պարզվել է նաև, որ 2019–ի սեպտեմբերին Վերմիշյանը կոմիտեի աշխատակցին հանձնարարել է կազմել էսքիզային նախագծեր՝ իր մտերիմ Ջոն Ֆարխոյանի (Երևանի քննչական վարչության նախկին պետ,–խմբ.) կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի համար, և թաքցրել է, որ առաջադրանքը անձնական շահ է հետապնդում և քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից չի բխում։ Դրա դիմաց Վերմիշյանը Ֆարխոյանից ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, Վերմիշյանը շինարարության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների տնօրեններ Գագիկ Գալստյանից (Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր, Շինարարների միության նախագահ,–խմբ.) և Վազգեն Պողոսյանից («Երևանշին» ընկերության խորհրդի նախագահ,–խմբ.) 2019–ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին որպես կաշառք ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք և շուրջ 1,3 մլն դրամ արժողությամբ շինարարական նյութեր։

Նշենք, որ Վերմիշյանի գործի շրջանակներում Ջոն Ֆարխոյանը և Գագիկ Գալստյանը ձերբակալվել են 2020-ի փետրվարին, իսկ Վազգեն Պողոսյանը` 2020-ի ապրիլին։
Վերմիշյանը նաև Երևան քաղաքում բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ հափշտակել է 2500 ԱՄՆ դոլար գումար։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 3-րդ մաս 3-րդ կետով (խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2 կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելը):
Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է քրեական գործից անջատված մասով կազմված մեղադրական եզրակացությունը: Վահագն Վերմիշյանի և ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարվել է դատարան։

Մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր