Մարտի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում․ «Հրապարակ»       Իշխանության կռիվ, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սևանի կառավարական ամառանոց․ «Հրապարակ»    

30 հուն 2021 19:52

Էրդողանը մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո իր աշխատանքային օրակարագի մասին լուսաբանելու և  թուրքական հասարակության հետ հաղորդակցվելու նոր փորձեր է սկսել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս ընթացքում իր ալիքում արված մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն ենք հանդիպում:

Էրդողանը մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է  վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ»: Դիմելով կրոնակից եղբայրներին, լուսանկարին կից նա գրել է. «Սիրելի եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:

Լուսանկարում Սուրբ Առաքելոց եկեղեցու հետնամասում երևում է Կարսի «հայտնի» բերդը, որի վրա ծածանվում է թուրքական դրոշը: Պատահական չէ, որ Էրդողանի հրապարակած Առաքելոցի նկարը արվել է այնպիսի ռակուրսից, որտեղ պարզ երևում է նաև հայկական բերդը:

Նշենք, որ արաբերեն «ուրբաթ» բառը ալ-ջումա է, որը նշանակում է ժողով: Ի տարբերություն քրիստոնյաների, որոնց մոտ ոչ աշխատանքային և հանգստի օր է համարվում կիրակին, մուսուլմանների համար ոչ աշխատանքային օր է ուրբաթը: Չնայած որ մի շարք մուսուլմանական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ մուսուլմանները վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար, որը կոչվում է  «հութբա»:

Հիշեցնենք, որ 937 թվականին Աբաս Բագրատունու կողմից կառուցված Կարսի Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի, 1 անգամ` թանգարանի: Եկեղեցին 1-ին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկյան սուլթան Մելիքշահի կողմից: Երկրորդ անգամ մզկիթի է վերածվել օսմանցիների կողմից 1579 թվականին: 1877-1879թթ. ռուս-թուրքական պատերազից հետո Կարսը 40 տարի մնում է ռուսական տիրապետության տակ: Այդ ընթացքում Կարսի Առաքելոցը վերածվում է ուղղափառ եկեղեցու և 1890-ին համալրվում հարևանությամբ կառուցված զանգակատնով, որը, սակայն, քանդվում է 1918-ին: 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործել է որպես հայկական եկեղեցի։ Թուրքերը Կարսը գրավելուց հետո եկեղեցին կրկին վերածում են մզկիթի:

Եկեղեցին տևական ժամանակ պահեստ ծառայելուց հետո 1970-1990 թվականներին դարձել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան: Այնուհետև շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց: 9 տարի շարունակ մատնվել է անտերության: Կարսի Առաքելոց եկեղեցին 4-րդ անգամ մզկիթի է վերածվում Թուրքիայի հանրապետական շրջանում: Հիմնադրամների միջոցներով վերանորոգվելուց հետո ստանում է մզկիթի կարգավիճակ և մինչև օրս գործում որպես այդպիսին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր