Հայաստանի դպրոցների 30% -ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին

«Նախորդ ստանդարտներն ու նորմերը տեսական գիտելիքներ էին տալիս այն մասին, թե ինչպես վարվել նման դեպքերում, սակայն նոր ստանդարտների հիմքում ընկած է գործնական հմտությունների յուրացումը, իրական կյանքում դրանց կիրառման հնարավորությունը, արտակարգ իրավիճակների ժամանակ կողմնորոշումը, ելքի ուղիների որոնումը, ուրիշներին օգնություն ցուցաբերելը»,–ասաց Թորոսյանը:
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ԱԻՆ-ի հետ համատեղ մշակել է արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման պլաններ: Բացի այդ, բոլոր դպրոցներում տարեկան երկու անգամ իրականացվում է արհեստական տարհանում, որպեսզի աշակերտներն իմանան` որտեղից և ինչպես դուրս գալ:
Ասուլիսին ներկա ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության պետի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը դժգոհեց արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցների պատրաստվածության կապակցությամբ:
«Ինչպե՞ս կարելի է աշակերտներին տարհանել մի դպրոցից, որի միայն մեկ դուռ է բաց, և առաջին հարկի բոլոր պատուհաններին տեղադրված են ճաղավանդակներ»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ անվտանգության համար առաջին հերթին պետք է հանել պահուհանների ճաղավանդակները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկություններով` փետրվարի 13-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը չի ազդել Երևանի դպրոցների շենքերի վրա: Բայց այդ առիթով խնդիր է դրվել ուսումնասիրել դպրոցների շենքերի սեյսմակայունությունը:
Պաշտոնական տվյալներով` Հայաստանի 425 դպրոց կամ ընդհանուր թվի 30% - ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին։
Նման ուժգնության ցնցումները կհանգեցնեն այդ շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման։