Փաշինյանի կուսակցությունում ցանկանում են ստուգել ռուսական սպառազինության որակը

Նիկոլ Փաշինյանի համախոհի կարծիքով՝ Սարգսյանն իր հարցազրույցում մտքեր է հայտնել, որ վաղ թե ուշ օգտագործվելու են Հայաստանի դեմ: «Սա անպայման կօգտագործեն մեր դեմ, քանի որ Սերժ Սարգսյանը մեր երկիրը ղեկավարել է նվազագույնը 10 տարի եւ հասցրել է եւս մի քանի օր լինել վարչապետ»,- մերկապարանոց ասաց Քոչարյանը:
Ընդ որում՝ նա հրաժարվեց պարզաբանել՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ հայկական կողմն արդյոք օգտագործե՞լ է «Իսկանդերներ», թե՞ ոչ, չնայած հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը փետրվարի 23-ի իր աղմկահարույց հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը սպառազինության այս տեսակը կիրառել է, սակայն արդյունավետությունը չափազանց ցածր է եղել: «Ես չգիտեմ, թե ինչ ուղղությամբ է «Իսկանդեր» կիրառվել: Ես չեմ հաստատի եւ չեմ հերքի այդ զենքի կիրառման փաստը: Ես արդեն ասել եմ, որ դա չի կարելի անել»,- ասաց խորհրդարանականը՝ հավելելով, որ «Իսկանդերների» աշխատունակության մասին Փաշինյանի հայտարարությունը ուսումնասիրության կարիք ունի:
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Հայաստանում պետք է ուսումնասիրության ենթարկեն ոչ միայն Ռուսաստանից ստացված «Իսկանդերները», այլ նաեւ երկրի կողմից 15 տարվա ընթացքում ձեռք բերված այլ տեսակի զենքերը: «Մենք պետք է հասկանանք` դա ճի՞շտ որոշում էր, թե՞ ոչ, աշխատո՞ւմ են, թե՞ ոչ»,- պարզաբանեց Փաշինյանի կողմնակիցը:
Հարցին`արդյո՞ք գործող կառավարությունը Զինված ուժերում ստուգումներ է իրականացրել այս բոլոր համակարգերի մարտունակության մասով, պատգամավորը խոստովանեց, որ` ոչ, քանի որ ոչ ոքի մտքով անգամ նման կասկածներ չէին կարող անցնել, հատկապես` «Իսկանդերների» մասով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ, իր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, «Իսկանդերները» հայկական կողմից օգտագործվել են Ղարաբաղում պատերազմի միայն վերջին օրերին, եւ դրանցից կրակել են Շուշիի վրա, որտեղ դեռ հայ զինվորականներ կային:
Ի պատասխան` Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին տված իր հարցազրույցում ասել էր, որ Սարգսյանը պետք է բացատրի, թե «ինչու «Իսկանդերի» հրթիռները չեն պայթել կամ միայն 10 տոկոսով են պայթել»: