Ապամոնտաժվում են «Սևան ազգային պարկի» հողերի վրա զոռբայությամբ կառուցած դղյակները․ Ռոմանոս Պետրոսյան

«Այս փուլում ապամոնտաժումը, քանդումը և ափից հեռացումը կատարվում է բացառապես «Սևան ազգային պարկի» տնօրինման տակ գտնվող հողերի վրա առանց որևէ տեսակի իրավունքի, զոռբայության արդյունքում կառուցած դղյակներին, շենք-շինություններին, պարիսպներին կցակառույցներին և տաղավարներին։ «Սևան ազգային պարկը»՝ որպես պետական ինստիտուտ, իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում իր տարածքները կարող է պարզապես ազատագրել և վերադարձնել իր տնօրինման տակ։ Որևէ փոխատուցման մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։
Նախարարի խոսքով՝ հաջորդ փուլով կապամոնատժվեն կառուցապատման կամ վարձակալության որոշ թղթեր ունեցող տնտեսվարողների տարածքները, որոնք բոլոր դեպքերում կառուցված են իրավախախտումներով։
«Մենք իրենց ծանուցելու ենք նախապես և ժամանակ ենք տրամադրելու՝ եթե իրենց ձեռքով իրենց ապօրինի շինությունները չեն ապամոնտաժի, այդ դեպքում՝ արդեն օրենքով սահմանված կարգով «Սևան ազգային պարկը» սեփական միջոցներով կապամոնտաժի և դատական կարգով բռնագանձման հայց կներկայացնի դատարան՝ բռնագրավելու այն միջոցները, որոնք ծախսվել են ապամոնտաժելու վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նախարարի՝ երբ հերթը հասնի թույլատրելի նիշից ներքև կառուցված, բայց պետական գրանցում ունեցող տիրապետմանը, այդ ժամանակ փոխհատուցման հարց կարող է քննարկվել․ «Դա պետք է վիճարկենք բացառապես դատական կարգով և օրենքով սահմանված այլ ընթացակարգերով»։