Փաշինյանին չեմ կարող հասկանալ, մի օր մի բան է ասում, հաջորդ օրը լրիվ այլ բան, մեկը մյուսին հակասող
NEWS.am-ը գրում է.
«Պիտի հաստատեր իմ ասածը, բա ի՞նչ պիտի աներ. ոնց կարող են ճշմարտությունը հերքել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում, ասաց ԶՈւ Գլխվոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ իրենք «ՍՈւ-30» օդանավերը գնել էին, սակայն չեն հասցրել պատերազմից առաջ գնել դրանց հրթիռները:
Մինչդեռ ավելի նույն թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեր «Սու-30CM»-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռները «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ»։
Հարցին, թե ինչու՞ Փաշինյանը կրկին անդրադարձավ այս թեմային, այն էլ մարզային այցի ընթացքում, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Եթե դուք այդ մարդուն կարողացել եք հասկանալ, երևի կկարողանաք մեկնաբանել, բայց ես այդ մարդուն չեմ կարող հասկանալ։ Մի օր մի բան է ասում, հաջորդ օրը լրիվ այլ բան։ Մեկը մյուսին հակասող։ Իմ ասած յուրաքանչյուր բան փաստերով հաստատված է։ Ոչ մի բան ես օդից չեմ ասել։ Ես էն մարդը չեմ, որ գիշերը երազ տեսնեմ, առավոտյան վեր կենամ հայտարարություններ անեմ։ Ամեն ինչ տակ կան փաստաթղթեր»:
Այդ դեպքում Ձեր դեմ քրեական գործ ինչի՞ համար են հարուցել հարցին ի պատասխան էլ նա փաստեց․ «Քրեական գործ հարուցել են պաշտոնական դիրքի չարաշահման համար»։ Հակոբյանը տեղյակ չէ նաև, թե այս պահին ինչ փուլում է իր դեմ հարուցած գործը։
Հիշեցնենք, որ պատերազմից անմիջապես հետո ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից ձեռք բերված Սու-30ՍՄ կործանիչները առանց զինամթերքի են եղել, քանի որ Ռուսաստանը 130 կմ հեռահարությամբ «օդ-օդ» հրթիռներ չի վաճառում այլ երկրի, ինչի պատճառով էլ մեր ՍՈւ–երը չեն օգտագործվել պատերազմի ժամանակ։ Դրան հաջորդել էր ՊՆ կրկին հերքող հայտարարությունը, ապա Հակոբյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը։