Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 մար 2021 20:50

Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման հարցը կհանգեցնի նոր ճգնաժամի Վաշինգտոնի ու Անկարայի միջև

Վերջերս նոր զարգացումներ են արձանագրվել Շերիդան հրապարակում 2017թ. մայիսին թուրք թիկնապահների կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելու միջադեպի  պատճառով: Փորձագետները գնահատում են այս զարգացման ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, ԱՄՆ արդարադատության նախարարության 2021 թ. մարտի 9-ի որոշումը մեկ քայլ առաջ է Թուրքիային պատասխանատվության ենթարկելու առումով՝ մայրաքաղաք Վաշինգտոնի Շերիդիանի անունը կրող հրապարակում 2017թ. մայիսին Էրդողանի դեմ ցույց իրականացնող ցուցարարներին ծեծելու համար:


Արդարադատության նախարարության կարծիքով թուրք թիկնապահների գործողությունները ողջամիտ չէին, ուստի չեն նախատեսում անձեռնմխելիություն: Չկար որևէ սպառնալիք Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ: Նույն դիրքորոշմանն են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները՝ արդարադատության նախարարին ու պետքարտուղարին ուղղված իրենց նամակում: Այս մոտեցումն ամրագրվել է նախօրեին Վաշինգտոնի դատարանի որոշմամբ, որը մերժել է թուրք թիկնապահներին անձեռնմխելիություն շնորհելու թուրքական կողմի հայցը, որի պնդմամբ այս դեպքում անհրաժեշտ է կիրառել առաջնորդների անձեռնմխելիության դրույթը:


«ԱՄՆ արդարադատության նախարարությունը, պետքարտուղարությունը իրենց ճեպազրույցներում նշում են, որ այո, օտարերկրյա առաջնորդներն ունեն անձեռնմխելիություն, բայց դա չի նշանակում, որ նրանց թիկնապահները կարող են պարզապես հարձակվել մարդկանց վրա»,- ասում է Ahval News-ի անգլերեն բաժնի խմբագիր, լրագրող Իլհան Թահիրը:


Թուրք լրագրող Իլհան Թահիրը հակված չէ կարծելու, որ այսպիսով ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է պատժել Թուրքիային: Երկու երկրների միջև առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, ներառյալ Սիրիայի քրդերի, ժողովրդավարության, մարդու իրավուքնների պաշտպանության, Ս-400 հրթիռների, թուրքական պետական Halkbank-ի և այլ հարցերի շուրջ:


«Չեմ կարծում, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է դաս տալ Թուրքիայի ղեկավար Էրդողանին և քաղաքական դիրքորոշում է որդեգրում այս հարցում: Կարծում եմ, որ առկա ապացույցները և բազմաթիվ տեսանյութերը հստակ ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները ծեծում են մարդկանց, ովքեր անզեն են՝ հակառակ թուրք փաստաբանների պնդումներին: Ի դեպ մարդկանց մեծ մասն Ամերիկայի քաղաքացիներ են»,- ընդգծում է Թահիրը:


Այս ամենն է՛լ ավելի է սրում Թուրքիայում հակաարևմտյան տրամադրությունները, իսկ իշխանամետ մամուլը անտեսում է «Շերիդան հրապարակ»-ի գործի նոր ընթացքը: Էրդողանն ԱՄՆ-ին է մեղադրում բոլոր խնդիրների ու ոլորտների ձախողումների մեջ, ներառյալ տնտեսական, քաղաքական, պայքարն ահաբեկչության դեմ կամ քրդական հարց:


«Թուրք հանրությունն արդեն հակաամերիկյան է տրամադրված առնվազն յոթ-ութ տարի շարունակ Էրդողանի հակաամերիկյան հռետորաբանության պատճառով»,-շեշտում է Թահիրը:


Իլհան Թահիրը չի բացառում, որ գալիք ապրիլի 24-ին Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման հարցը կհանգեցնի նոր ճգնաժամի Վաշինգտոնի ու Անկարայի միջև:


«Նախագահ Բայդենը կարող է որակել այն որպես ցեղասպանություն, ի տարբերություն Ռոնալդ Ռեյգանից հետո նախորդ մյուս նախագահների: Սա կարող է վերածվել առաջիկայում մեկ այլ խնդրի»,- նշում է Թահիրը:


Թուրք լրագրողը վստահ է՝ այս բոլոր զարգացումները խորացնում են ճգնաժամը թուրք-ամերիկյան հարաբերություններում: Նախագահներ Բայդենի ու Էրդողանի այդպես էլ չկայացած հեռախոսազրույցը դրա վառ ու վերջին քսան տարիների համար աննախադեպ ապացույցն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր