Պետական դավաճանություն.ՀՀ քաղաքացին թուրքական հատուկ ծառայությանը ՀՀ–ի և Արցախի մասին տեղեկություններ է փոխանցել. նա կալանավորվել է

Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
ՀՀ քաղաքացին Թուրքիայից Հայաստան վերադառնալուց հետո, Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:
Հեռախոսազրույցների ընթացքում նա ընդունել է վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության` զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերել և հայտնել թուրքական հետախուզական ծառայությանը։
Դրանից հետո ՀՀ քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս։ Դրա դիմաց որպես վարձատրություն ստացել է շուրջ 1500 դոլար գումար:
ՀՀ քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը)։ Նա կալանավորվել է։
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, որի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
2021 թվականի ապրիլի 5-ին հիշատակված 2 անձանց մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, և այն դատարան ուղարկելու նպատակով։