Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր.ներդրողներն արդեն ներկայացրել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ ընդդեմ Հայաստանի

Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականություն չկա – կառավարությունը սկսած 2018 թվականից առաջնորդվում է «փակ դռների» քաղաքականությամբ, որը բերում է կործանարար հետևանքներ։
Առ այսօր, Հայաստանի դեմ ներկայացվել են ավելի քան 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի պահանջներ տարբեր օտարերկրյա ներդրողների կողմից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն։ Այդ խոշոր ներդրողները ներգրավված են եղել տնտեսության տարբեր ճյուղերում` շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում, հանքանարդյունաբերություն, աղբահանություն և այլն։ Այսպիսով, հետևյալ օտարերկրյա ներդրողները և իրենց հետ փոխկապակցված ներդրողները արդեն ներկայացրել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ ընդդեմ Հայաստանի.
Arin Capital & Investment Corp.,
Rasia FZE,
Sanitek S.a.r.l.,
Lydian International Limited,
Corsan-Corviam Construccion S.A. (Հյուսիս-հարավ ծրագիր):
Առաջին երկու ներդրումային հայցերը քննվում են Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID, Վաշինգտոն) և հավանաբար մինչև այս տարվա ավարտը արբիտրաժային տրիբունալները կկայացնեն համապատասխան վճիռները, և, եթե կառավարությունը պարտվեց, Հայաստանը պարտավոր է անհապաղ կատարել արբիտրաժի վճիռը, որը կավելացնի արտաքին պարքը ևս ավելի քան 170 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։
Գործող կառավարությունը փաստացի չի կարողացել ստեղծել նպաստավոր պայմաններ իր տարածքում ներդրումներ կատարելու համար: Օրինակ` Լիդիանի դեպքում իշխանությունները չեն կարողանում ապահովել ներդրումների լիարժեք պաշտպանությունը և անվտանգությունը` փաստացի տեղի է ունել արդարադատության մերժում։ Այս վեճում ներդրողներին հասցված վնասի չափը հասնում է ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի (կառավարությունը ծանուցված է այս չափի վերաբերյալ)։ Ավելին, Սանիթեքի գործում պահանջը կազմում է ավելին քան 25 միլիոն ԱՄՆ դոլար, որը արդյունք է կառավարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ անօրինակ էքսպրոպրիացիոն (բռնագրավում) «ջանքերի»։ Վերջում պետք է նշել, որ 2020 թվականից ի վեր կառավարությունը արդեն իսկ ծախսել է 1,900,000 ԱՄՆ դոլար Corsan-Corviam հետ արբիտրաժային վեճի շրջանակներում։
Այսպես, գործող կառավարությունը չի կարողանում օտարերկրյա ներդրողներին տրամադրել բարենպաստ, արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև ապահովել ամբողջական պաշտպանություն կապված ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, օտարման կամ տնօրինման հետ: Ավելին, միջազգային ֆինանսական կազմակերպությունները նույնպես վերանայել են իրենց մոտեցումները Հայաստանում ֆինանսավորելու խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը։
Հարց է առաջանում արդյոք գործող իշխանությունները ներդրումային միջավայրի բարելավումը համարում են երկրի տնտեսական առաջընթացի հիմնական գերակայություններից մեկը։ Ակնհայտ է, որ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է կործանարար հատուկ քաղաքականություն։
Սարգիս Գրիգորյան
GPartners իրավաբանական ընկերություն