«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 հուն 2021 17:33

«Նրանք արթնացրին իմ միջի գազանին». ինչու թուրք քրեական «հեղինակությունը» որոշեց «մերկացնել» Էրդողանի շրջապատին և ում է դա ձեռնտու. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիայում ներքաղաքական աղմկահարույց սկանդալ է առաջացել: Անցյալ տարեսկզբին երկրից փախած թուրք մաֆիոզ Սեդաթ Փեքերը YouTube-ում հրապարակում է աղմկահարույց տեսանյութեր, որոնցում պատմում է քրեական աշխարհի հետ թուրքական էլիտայի կապերի մասին, ինչպես նաև մեղադրում է նախագահ Էրդողանի շրջապատի պաշտոնյաներին սպանությունների, թմրաշրջանառության, կոռուպցիայի և այլ հանցագործությունների համար: Ո՞վ է կանգնած բլոգեր դարձած քրեական «հեղինակության» թիկունքին՝ պարզել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:   

Քրեական «հեղինակության» բարձրացրած աղմուկը

«Ստուգե՛ք ինձ ստի դետեկտորի միջոցով, եթե սարքը ցույց տա, որ խաբում եմ, կտրե՛ք մատներս կամ ամբողջ դաստակս, խոստանո՛ւմ եմ»,- յուրաքանչյուր հոլովակում ասում է թուրք մաֆիոզը:

Նա դեռ 8 տեսանյութ է հրապարակել, իսկ նկարահանել է 12-ը: Յուրաքանչյուր հոլովակ ունի միլիոնավոր դիտումներ: Նշվում է, որ երկրի ամեն անկյունում՝ սրճարաններում, պոլիկլինիկաներում, գեղեցկության սրահներում, ամենուր մարդիկ խոսում են Փեքերի բացահայտումների մասին:

49-ամյա Փեքերը հայտնի էր Թուրքիայում դեռ մինչ բլոգերությամբ զբաղվելը: Նրան բազմիցս դատել են սպանությունների ու քրեական գործունեության համար: Ընդհանուր առմամբ, նա ճաղերի ետևում է անցկացրել 16 տարի: Հիմա, ըստ լուրերի, նա թաքնվում է Դուբայում: 

Ինքը՝ Փեքերը նշել է, որ քաղաքականություն չի ցանկանում մտնել, իսկ «Պանդորայի արկղը» բացել է արդարության զգացումից ելնելով: Նա Էրդողանի օգնականներին մեղադրում է տարատեսակ մեղքերի համար՝ սպանություն, կոռուպցիա, թմրաշրջանառություն: Հատկապես նրա «թիրախում» է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, որը, ըստ նրա, «երազում է նախագահի աթոռի մասին»:

Նշվում է, որ հենց Սոյլուն է համոզել նրան փախչել երկրից՝ նախազգուշացնելով սպասվող հետաքննության մասին: Միևնույն ժամանակ, նախարարը երաշխավորել էր, որ որոշ ժամանակ անց նա կարող է հանգիստ վերադառնալ հայրենիք, սակայն հակառակն է ստացվել. Փեքերի տուն են ներխուժել զինված անձինք, երբ տանն են եղել նրա կինն ու երեք անչափահաս երեխաները, և զենքը պահել ընտանիքի անդամների վրա:

«Ես խելոք, հանգիստ նստած էի, գիրք էի կարդում, սակայն ինձ անհանգստացրին և իմ միջի գազանին արթնացրին»,- բացատրել է Փեքերը:

Ձեռքերը հեռո՛ւ Էրդողանից

Նրա բացահայտումներից բաժին է հասել նաև Թուրքիայի ՆԳ նախկին նախարար Մեհմեթ Աղարին՝ ըստ քրեական «հեղինակության»՝ «մոխրագույն կարդինալին», որն իրեն պատվիրել էր ինչ որ կարևոր մեկի սպանել Կիպրոսում: Ճիշտ է՝ հետագայում դա ուրիշն է արել...

Մինչդեռ Էրդողանին Փեքերը «մեծ եղբայր» է անվանում և նախազգուշացնում՝ երկրի ղեկավարին ցանկանում են տապալել: Անձամբ նախագահին դեռ չի թիրախավորում, սակայն թիրախավորում է նրա ընտանիքի անդամներին, առաջին հերթին՝ նրա փեսային՝ ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքին: Փեքերը վստահեցնում է, որ Թուրքիայում Ալբայրաքի և նրա եղբայր Սերհաթի գլխավորությամբ գործում է հզոր խմբավորում, որն ազդում է երկրում քաղաքական գործընթացների վրա:

Նշվում է, որ Սուլեյման Սոյլուի վարկանիշը բարձրացել էր հանրության շրջանում, նա անգամ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երկրորդ ամենապոպուլյար մարդն է՝ ըստ հարցման՝ հետ մնալով Էրդողանից ընդամենը մի քանի տոկոսով: Իսկ այժմ՝ Փեքերի բացահայտումներից հետո, նրա փառքից հետք անգամ չի մնացել, նրան համարում են քաղաքական դիակ: Չնայած որ Էրդողանն այս ամենի ֆոնին իր աջակցությունն է հայտնել Սոյլուին, շատերը կարծում են, որ նախարարի հրաժարականը ժամանակի հարց է:

Ո՞ւմ շահերից է բխում այս ամենը

Ըստ Թուրքիայի բնակիչների՝ Փեքերի բացահայտումներն ուղղված Սոյլուին Էրդողանի շահերից են բխում: Դա ձեռնտու է նաև նրա փեսային՝ Ալբայրաքին, քանի որ վարկաբեկված ՆԳ նախարարին հեշտ է պաշտոնից ազատելը: Եթե նախագահը նրան պարզապես պաշտոնանկ աներ, Սոյլուի վարկանիշը կբարձրանար, և նա կունենար բնակչության աջակցությունը:

Իշխանամետ մամուլն էլ գրում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները Փեքերի հետ միասին գործում են ԱՄՆ շահերից ելնելով, իսկ ՆԳ նախարարի վրա ներկայիս հարձակումը կազմակերպված է Արևմուտքի կողմից:

Ո՞վ է կանգնած նրա ետևում, դեռ հայտնի չէ, բայց այն հանգամանքը, որ երկրում իշխող կուսակցության վարկանիշը նվազել է, փաստ է:
tert.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր